Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ գործ է հարուցվել
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես հայտնի է, ապրիլի 29-ին վիճաբանություն էր տեղի ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև։
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գործ է հարուցվել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնել ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Ադեկվադ կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն»,- փոխանցել է նա։
ՀՀ ՔՕ հոդված 258, 2-րդ մաս՝ խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
ՔՕ հոդված 117՝ Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: