Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որ ոլորտներն են ամենաշատը նպաստել 7,6 տնտեսական աճին․ պատգամավորը ներկայացրեց (տեսանյութ)

ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2019 թ․-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին հարակից զեկույցով հանդես եկավ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Պատգամավորը հիշեցրեց, որ ավելի քան մեկ տարի առաջ Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումներին, ըննդիմություն քննադատում էր, թե ծրագիրը հեղափոխական չէ և թիրախային ցուցանիշներ չի պարունակում։

Իշխող ուժի պատգամավորը համաձայն է՝ թվային ցուցանիշները քիչ էին, սակայն ինքը հիմա ներկայացրեց այն ցուցանիշները, որոնցից կարելի է հասկանալ՝ հաջողություններ գրանցե՞լ են, թե՞ ոչ։ 2019թ․-ին տնտեսական աճը եղել է 7,6 տոկոս, մինչդեռ ըստ պատգամավորի՝ որոշ տնտեսագետներ կանխատեսել էին, թե տնտեսությունը հայտնվելու է ռեցեսիայի մեջ։

«Էդպես չեղավ, հետո եկավ քննադատությունների հաջորդ ալիքը, թե այս տնտեսական աճը առողջ չէ, և աճը պայմանավորված է հիմնականում մեքենաների առևտրով, և բուքմեյքերական ընկերություններով։ Եթե նայում ենք, թե որ ոլորտներն են ամենաշատը նպաստել 7,6 տնտեսական աճին, ապա առաջին տեղում մշակող արդյունաբերությունն է, երկրորդ տեղում ֆինանսական և ապահովագրության ոլորտը, հետո արդեն առևտուրը, հանքարդյունաբերությունը և այլն։ Բուքմեյքերական ընկերությունների, զվարճանքի և ընդհանրապես նման ոլորտը էդ 7,6 տոկոսի մեջ ընդամենը 0,5-0,6 %-ով են մասնակցություն ունեցել»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը։

Ըստ պատգամավորի՝ 2019թ․-ին ներմուծումն աճել է 10,8%-ով, իսկ արտահանումը՝ 9,4%-ով։ Բաբկեն Թունյանը ներկայացրեց նաև 2019թ․-ին գրանցված հանցագործությունների թվի աճը։

Ըստ նրա՝ երեկ գործընկերներն ասում էին, թե հանցագործությունների թիվը մոտ 40 %-ով աճել է և տարվա վերջում գրանցված է եղել 240 000 հանցագործություն։ «Իրականում չգիտեմ՝ այդ թիվը որտեղից են վերցրել, որովհետև պաշտոնական տվյալներով տասն անգամ պակաս է։ Անցյալ տարի հանցագործությունների աճը եղել է 8, 8 տոկոս, գրանցվել է 26 850 հանցագործություն»,- պարզաբանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։