Բացել լրահոսը Փակել լրահոսը
цицерн
A A
Հասարակություն

Ապրիլի 24-ին հուշահամալիրի հարակից տարածք այցելելն իրավական հետևանքներ է առաջացրել 13 հոգու համար

 Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն քաղաքացիների այցելությունները կարող են հանգեցնել իրավական հետևանքների, ինչպես եղել է Ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի հիշատակի  հուշահամալիր այցելած 13 քաղաքացիների պարագայում:

Ոստիկանությունից «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Ապրիլի 24-ին հուշահամալիր և հարակից տարածք այցելած 13 անձի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, նրանցից երկուսի դեպքում արդեն իսկ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ՝ 100.000-ական ՀՀ դրամի չափով:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վարչական արձանագրություն կազմվել է ազատ տեղաշարժի սահմանափակումները խախտելու համար:

Սակայն արձանագրություններ կազմվել են ոչ բոլորի նկատմամբ: Ընդհանուր առմամբ՝  առանց համապատասխան թույլտվությունների հուշահամալիրի տարածք այցելուների թիվը ավելին է եղել, քան կազմած արձանագրություններն են։

«Հարկադրանքի միջոցներ կիրառվել են բացառապես արտակարգ դրության իրավական ռեժիմը միտումնավոր խախտած անձանց նկատմամբ, ովքեր ոստիկանության կողմից արված՝ ինքնամեկուսացման վայր վերադառնալուն և ազատ տեղաշարժի սահմանափակումների ռեժիմը չխախտելուն ուղղված հորդոր-պահանջները չեն կատարել»,-տեղեկացնում է ոստիկանությունը։

Ապրիլի 24- ի առավոտյան համացանցում տարածվեց մի տեսանյութ, թե ինչպես մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝  ակտիվիստներ Մարինա Խաչատրյանը, Սոնա Աղեկյանը ցանկանում են բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ոստիկանները, սակայն, նրանց թույլ չեն տալիս:

Մարինա Խաչատրյանից և Սոնա Աղեկյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իրենց նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն տեղաշարժի սահմանափակման խախտման հիմքով, վերջիններս բացասական պատասխան տվեցին:

«Վարչական արձանագրություն չկազմվեց տեղում ո՛չ մեր, ո՛չ էլ  մեզ հետ այցելածների նկատմամբ, իրենք ուղղակի թույլ չտվեցին բարձրանալ: Ես այդ օրը շտապում էի Արցախ, չուզեցի կոնֆլիկտային իրավիճակը երկար տևի»,-նշեց Աղեկյանը:

Այս խումբը, սակայն, միակը չէր, որ փորձել էր այցելել հուշահամալիր, համացանցում հայտնվել էր ևս մեկ տեսանյութ այն մասին, որ անմար կրակի շուրջ ծաղիկներ խոնարհել էր ցանկանում նաև Արայիկ Խանդոյանի(Միայնակ Գայլ) եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, ում նկատմամբ ոստիկանությունը կազմեց վարչական արձանագրություն այն պատճառաբանությամբ, որ խախտել է արտակարգ դրության իրավական ռեժիմը և տեղաշարժման թերթիկում նշված հիմքը սահմանված չէ պարետի որոշմամբ:

Տեսանյութում երևում է, որ  վարչական արձանագրության ակտը կազմվեց, իսկ  Արարատ Խանդոյանը չստորագրեց և հրաժարվեց վերցնել այն:

Հատկանշական է նաև այն, որ Փաստաբանների պալատը նույն օրը հայտարարություն էր տարածել և պատրաստակամություն հայտնել անվճար տրամադրել իրավաբանական  խորհրդատվություն բոլոր այն քաղաքացիներին, ովքեր  Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու համար ենթարկվել են վարչական տույժի, սակայն մինչ այսօր պալատին իրավաբանական օգնության համար որևէ քաղաքացի չի դիմել․«Ա1+»-ին տեղեկացրեց  Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը: