Բացել լրահոսը Փակել լրահոսը
612659725d889f92c_59725d889c70f
A A
Պաշտոնական

Ի՞նչ է նախատեսնում նախադպրոցական կրթության մասին նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են․

«Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է նախադպրոցական կրթության մասին ըստ էության նոր օրենքը, որը համակարգված ձևով անդրադառնում է նախադպրոցական կրթության խնդիրներին, անելիքներին, սկզբունքներին։
Ամենակարևոր կետերից.

 Նախադպրոցական կրթությունն ամրագրվել է որպես հանրակրթության սկզբնական աստիճան, նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող ցանկացած կազմակերպություն՝ անկախ սեփականության ձևից ու հիմնադրից, ենթական է լիցենզավորման՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիցենզավորման կարգի։

 Ամրագրվել է պետության աջակցությունը պետական, համայնքային և այլ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված երեխաների կրթության կազմակերպմանը և մանկավարժական աշխատողների կատարելագործմանը՝ միասնական պետական քաղաքականության, համաֆինանսավորման միջոցով։ Լրացվել են նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման աղբյուրները։Պետական և համայնքային նախադպրոցական հաստատությունների դեպքում կլինեն նաև պետական բյուջեից հատկացումներ։ Առանձին նկարագրվել են ձեռնարկատիրական գործունեության տեսակները:

Խնդիր է դրվել նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակի բարելավումը՝ կրթական ծրագրերի բովանդակության վերանայման և ժամանակակից կրթական նորարարությունների ներդրման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման միջոցով։ Սահմանվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր բուժզննությունը՝ տարեկան առնվազն 1 անգամ, պարտադիր վերապատրաստումը, տարեկան` մանկավարժական աշխատողների 1/5-ը։ Ամրագրվել է նախադպրոցական կազմակերպության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պայմանը, նշվել է նաև հաստատության՝ զարգացման ծրագիր ունենալու պահանջը։

 Կարևոր խնդիր է ամրագրվել որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների, ներառականության և մատչելիության ապահովումը՝ խելամիտ հարմարեցումների միջոցով։ Սահմանվել է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի դրույթը։ Անցումային դրույթներում լրացվել է համընդհանուր ներառման անցնելու վերաբերյալ հստակեցում` նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության ներդրում նախատեսելով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։

 Ամրագրվել են նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը.

 Առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն կամ 3 և ավելի երեխա ունեցող կամ զինծառայող ծնողի (ների) երեխաները,

 կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները,

 տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաներին.

տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) աշխատակիցների երեխաները:

Վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների սննդի կազմակերպման վերաբերյալ հոդվածը: Ավելացվել է դրույթ՝ երեխաների բժշկական սպասարկման մասով։ Ավելացվել են երեխաների իրավունքների դրույթներ այդ թվում՝ մասնակցության իրավունքի:

 Նկարագրվել են նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակները. նախադպրոցական հաստատություն չունեցող համայնքում կամ բնակավայրում կներդրվեն նախադպրոցական կրթության կազմակերպման ծախսարդյունավետ այլընտրանքային մոդելներ:

 Առանձնահատուկ շեշտադրվել է ծնողների հետ աշխատանքը՝ իբրև բաղադրիչ, ծնողավարման դասընթացների անցկացման հնարավորությունը։

 Ավելացվել են նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության գնահատման դրույթներ,
 մասնավորապես, կիրականացվի ներքին և արտաքին գնահատում, նկարագրվել է դրանցից յուրաքանչյուրը:

 Հստակեցվել են նախադպրոցական կրթության ոլորտում տարբեր մարմինների լիազորություններն ու գործառույթները, ինչը էապես կնպաստի ոլորտի համակարգված գործառնությանը»։