Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գուրգեն Խաչատրյան
A A
Տնտեսություն Պաշտոնական

Նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել․ Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունը

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Այս նամակն ինքնին անհավանական է, որքան անհավանական է իրավիճակը մեր բիզնեսների շուրջ։

Ես ու եղբայրներս ուսանողական տարիներից զբաղվել ենք բիզնեսով. բնականաբար, ժամանակին դրանք փոքր ու աննշան գործեր էին, «սթարթափներ» մեր այսօրվա բառապաշարով։ Համալսարանի առաջին կուրսում հաղթանակ զբոսայգում հյութերի ու պաղպաղակի կետ ունեինք, ձախողված դեղատան ու ոչ այդքան հաջողված խանութի փորձ կուտակեցինք։ Բիզնեսը անկախության ձև էր մեզ համար. մենք վաստակում էինք մեր թեկուզ փոքր, բայց անկախ միջոցները, ու դա մեզ ուժեղ էր դարձնում։ Մենք հավատում էինք, որ մեր ստեղծածը կխոսի մեր մասին ու տարիների ընթացքում ստեղծվեցին 15 բրենդներ՝ բոլորը գաղափարի փուլից։ Ամեն հաջորդ տարին մեզ նոր մարդիկ միացան ու նոր գաղափարներ ծնվեցին, ու ընկերությունը 20-ամյակին արդեն Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն էր դարձել՝ միավորելով 3000 պրոֆեսիոնալների։ 

Այս օրերին բոլորը լարված հետևել են մեր գործունեության շուրջ ստեղծված իրավիճակին։ Եղել են մարդիկ, ովքեր անհանգստություն են հայտնել, եղել են ուժ տվող ու աջակցող մարդիկ, եղել են, իհարկե, իրավիճակից ուրախացողներ։ Բայց, հատկապես, 3000 ընտանիք առավել անհանգիստ են եղել, որովհետև դե ֆակտո, իրենց կայունության երաշխավորողը դե յուրե ներգրավված է իրավունքի տրամաբանությունից դուրս գործողություններում, որտեղ մանիպուլատիվ բոլոր միջոցները կիրառվում են հաջողած բիզնեսները կազմաքանդելու, կեղտոտ միֆեր տարածելու ու ահաբեկելու համար։ Իրավական գնահատանով, ինձ առաջադրված մեղադրանքը պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն։ Բարոյական գնահատական չեմ հնչեցնի. մարդիկ տեսնում ու վերլուծում են ամեն ինչ։

Արձանագրելով այս գործընթացների խիստ անօրինականությունը, քննչական մարմնի և դատարանների որոշումների ուղղորդված լինելը, նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել՝ ինքս էլ նպաստելով այդ անօրինականությունների զարգացմանը։

Այսօր օրակարգում բիզնեսի կազմաքանդումն է, առանց դրա սոցիալական ու տնտեսական հետևանքները հաշվի առնելու. ես այդ օրակարգում անելիք չունեմ։

  1. Խոսքս ուղղում եմ նախ և առաջ իմ գործընկերներին, իմ թիմակիցներին ու ընկերներին։ Մենք բազմաթիվ փորձություններ ենք հաղթարահերել, այս մեկը, հերթականը, ևս կհաղթահարենք։
  2. Խոսքս ուղղում եմ, հատկապես, Ucom-ի աշխատակիցներին. Ucom-ը ինստիտուցիոնալ ու հզոր կառույց է, չկա որևէ գործոն, որ կխաթարի ընկերության ամրությունը. վստահ շարժվեք առաջ։
  3.  Խոսքս ուղղում եմ մեր տեղական ու միջազգային գործընկերներին. վստահ եղեք, որ մեր ընկերությունների խումբը ամուր կանգնած է իր դիրքում և տիրապետում է իրավիճակին։

 

Հետաքրքիր բան է կյանքը. պապս ջերմոցներ է ունեցել, հայրս պետական պաշտոնյա է եղել, ես ընտրել եմ բիզնեսի ճանապարհը ու, գուցե, իմ երեխաները ընտրեն պետական ծառայությունը։ Ամեն սերունդ իր ճանապարհն ունի, բայց մեր ազգում չեն եղել ուրացողներ ու վախեցողներ. սա ընդամենը ճանապարհի սկիզբն է»։