Բացել լրահոսը Փակել լրահոսը
95425109_233746524632361_2683140265371238400_n
A A
Հասարակություն

Ըստ էության՝ գործ չեն անում, որևէ ձերբակալված չկա․ Սեդա Սաֆարյանը դժգոհում է ՔԿ-ից

Փաստաբան Սեդա Սաֆարյանը դժգոհ է քննչական կոմիտեից, ասում է՝ ծեծի գործով զարգացում գրեթե չկա։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Երևանի Մուշ Թաղամասում ծեծել էին փաստաբան Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, վերջինիս քրոջը, մորն ու հորը։ Դեպքի առթիվ ՀՀքննչական կոմիտեում գործ էր հարուցվել։ 

«Զանգում ենք, հետաքրքրվում ենք, անորոշություն է. ասում են՝ «գործ ենք անում», մենք էլ սպասում ենք, տեսնենք՝ ինչ գործ են անում, բայց ըստ էության՝ գործ չեն անում, որովհետև որևէ ձերբակալված, կալանքի խնդիր չկա։ Սա ոչ մի լավ բանի չի տանում, ինչպես հասկանում եմ՝ պետք է դիմեմ բողոքարկման այլ միջոցների», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Սեդա Սաֆարյանը։
 
Փաստաբանն ասաց, որ սպասում է գործով քննիչ Հովհաննես Հարությունյանի զանգին, և եթե 1 ժամվա ընթացքում չզանգեց, «աջուձախ դատի է տալու բոլորին»՝ ձգձգված, քաշքշուկով գործի համար։
 
Ըստ Սաֆարյանի՝ երբ զանգահարում է գործի մանրամասներից տեղեկանալու համար, ստանում է «քննությունը գաղտնի է, մենք պարտավոր չենք ոչ մեկին բան ասել» պատասխանը, իսկ այսօր առավոտվանից չի կարողացել կապ հաստատել գործով քննիչի հետ։ 
 
«Եթե ես Հովհաննես Հարությունյանի հետ չկարողացա կապվել, գնալու եմ Մալաթիա՝ իմանալու, թե նա ինչ գործողություններ է անում։ Տուժողներին ոչ մի բանի մասին տեղյակ չի պահում, որևէ գրություն չի ուղարկել, թե երբ է գործն իր մոտ հայտնվել, ինչ գործողություններ է անում կամ ինչ դժվարություններ կան։ Ուզում եմ ասել, որ չեն էլ հասկանում, որ հետամուտ ենք լինելու այս գործով ամեն ինչ իմանալու համար»,- շարունակեց նա։
 
Հարցին՝ քննչական գործողություններին տուժող կողմից փաստաբան, ներկայացուցիչ չի՞ մասնակցում, պատասխանեց՝  ի՞նչ են անում ՔԿ-ից, որ ներկայացուցիչն էլ մասնակցի.
 
«Ոչինչ չեն անում, ի՞նչ մասնակցեն։ Իմ գործընկերներն (նկատի ունի փաստաբաններին - հեղ.) ասել են, որ «հարցաքննության ժամանակ մենք կգնանք-կմասնակցենք, խնդիր չկա, սպասում ենք, որպեսզի կանչեն»։ Փորձաքննություններ են նշանակվել, հետազոտում են։ Բայց դա կապ չունի, ես ասում եմ՝ գործողություններ անեն կասկածվողներին հայտնաբերելու, շրջանակն ամբողջական պարզելու հետ կապված։ Միայն երեք մարդու անուն են տալիս. վեց հոգի են եղել, ո՞ւր են մյուս երեքը, և արդյոք պարզե՞լ են մյուս երեքի ինքնությունը, թե՞ ոչ։ Այս հարցերն օդում կախված են մնացել, և հասկանալի չէ՝ ինչ են անում քննչական մարմինները։ Մյուս երեքի անունները չենք կարողանում իմանալ»։ 
 
Սեդա Սաֆարյանի խոսքերով՝ միջադեպին մասնակից անձինք ճանաչման են ներկայացվել տեսանյութի ցուցադրմամբ, զննության արձանագրություն է կազմվել, տուժողներն ասել են՝ ով, որտեղ և ինչպես։ 
 
«Այդտեղից էլ են հասկացել, որ քննչական մարմինները, բացի այս երկուսից, այլ գործողություն չեն արել։ Ամեն դեպքում, թե որ շրջանակն է ծեծը կազմակերպել, պարզ չէ», - եզրափակեց նա։ 
 
Գործի վերաբերյալ ի պատասխան մեր հարցմանը՝ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը հայտանեց, որ քննություն  է տարվում՝ պարզելու Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները։ 
 
Նրա փոխանցմամբ՝ 2020թ. ապրիլի 24-ին՝ ժամը 22:30-ին, Երևան քաղաքի Մուշ թաղամասում  կատարված  առերեույթ խուլիգանության  դեպքի առթիվ 2020թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված քրեական գործը 2020թ. ապրիլի 28-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
 
«Նախաքննության ընթացքում  կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է», - նշված է պատասխանի մեջ։ 
 
Քննչական կոմիտեից պատասխան ստանալուց հետո, մենք կրկին խոսեցինք Սեդա Սաֆարյանի հետ։ Նա ասաց, որ հանդիպել է քննիչ Հովհաննես Հարությունյանի հետ։ 
 
«Պատասխանը նույնն է. «մենք լայնածավալ աշխատանք ենք տանում, չենք ուզում, որ քննության որևէ նյութ դուրս գա, մենք հիմա զբաղված ենք ամբողջ բաժնով այդ գործի հանգամանքները պարզելով։ Դո՛ւք, հավատացե՛ք, որ ամեն ինչ օրինական կլինի, կիմանաք», - քննիչի հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասները պատմեց փաստաբանը։
 
Վերջինս հավելեց, որ քննիչը չի բացառել առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կամ վաղը քննչական գործողությունների իրականացումը։ 
 
«Դե հա, մենք էլ գիտենք, որ վաղը կամ մյուս օրը կարող է մարդ կանչվի հարցաքննվելու։ Մինչև օրվա վերջ ուզում եմ սպասել, հետո նոր տեսնեմ՝ ինչ անել, որովհետև իրենք ասում են, որ ամեն հնարավորն անելու են՝ բոլորի անձը ճշտելու, հանգամանքները հասկանալու համար», - եզրափակեց Սեդա Սաֆարյանը։