Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եզդի եղել ենք, կանք ու կլինենք» (տեսանյութ)

Հասարակություն

Եզդիների միության երեւանյան գրասենյակում այսօր ոչ սովորական աշխուժություն էր: Այնտեղ էին հավաքվել տարբեր մարզերի մի խումբ եզդիներ եւ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում: Նրանց մի մասը գնացել էր Եվրոպայի խորհրդի գրասենյակ` դիմում-նամակ հանձնելու, իսկ մյուս մասը տեղում իրենց անելիքներն էր որոշում:

«Մենք եզդի եղել ենք, կանք ու կլինենք»,- «Ա1+»-ին ասաց Մասիսի տարածաշրջանի եզդիների միության համայնքի անդամ Քյարամ Սոլոյանը: Նա բողոքում է, թե Հայաստանի իշխանությունները փորձում են իրենց քրդացնել եւ անտեսել որպես եզդի ազգ. «Եզդի ազգը խանգարում է քրդական համայնքներին, նրանք իշխանությունների միջոցով փորձում են մեզ միավորել իրենց: Ասում են 22 գյուղ քուրդ կա, բայց ընդամենը մի ընտանիք քուրդ կա: Եվրախորհուրդը մեզ որպես ազգ է ներկայացրել, բայց Հայաստանում մեզ ուզում են քրդացնել»:

Արարատի մարզի բնակիչ Ահմադ Վարոսյանն էլ նշեց, թե գյուղատնտեսության նախարարը ասել է, թե եզդի ժողովուրդ չկա. «Թող ընկնեն համայնքներ, տեսնենք քրդեր կա՞ն: Մտածում են իշխանավորները, որ հայոց ցեղասպանությունը քրդերը պետք է հաստատեն, դրա համար նրանց լավ երեւալու համար եզդիներին անտեսում են: Քրդերի թիվը ավելանա՞, որ ընդունեն»:

Նրանք տեղեկացրին, որ Հայաստանի քրդական համայնքը մի քանի դիմում-բողոքներ են ուղարկել վարչապետին, նախագահին, թե եզդի ազգ գոյություն չունի, նրանք ազգությամբ քուրդ են, իսկ եզդին կրոնական պատկանելություն է:

Իսկ եզդիներն էլ զգուշացնում են, որ եթե «իրենց լեզվին, ազգին «կպչեն», ապա իրենք հաճախակի դիմում-ակցիաներ կանեն տարբեր կառույցների մոտ»: