La Gazzetta dello Sport-ն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ ստեղծված խնդրին
Աջակցիր «Ա1+»-ինԻտալական La Gazzetta dello Sport օրաթերթն իր հերթական համարում մի ամբողջ էջ նվիրել է Հայաստանի հավաքականի և Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հոդվածի հեղինակը հանգամանալից ներկայացրել է հայ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ ստեղծված խնդիրը:
Ինչպես նշում է նա, Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան գոհ է Հենրիխ Մխիթարյանի խաղից, ուստի ցանկանում է ամեն գնով պահել նրան թիմում: Միակ խնդիրը կայանում է մեր ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերմանը, որը մինչև 2021թ ամառը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»:
Անգլիացիներն այս մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում են վերադարձնել Հենրիխ Մխիթարյանին, քանի որ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Արտետան մեծ հույսեր է կապում նրա հետ: Երկրորդ տարբերակն այն է, որ «Արսենալը» ցանկանում է գոնե 20 մլն ֆունտ սթեռլինգով վաճառել հայ ֆուտբոլիստին, որպեսզի այդ գումարով կարողա ձեռք բերել նույնպիսի բարձրակարգ խաղացողի:
Իտալական ակումբը պատրաստ է հենց հիմա 10 մլն եվրոյով գնել մեր ֆուտբոլիստի տրանսֆերը: Նման ցածր փոխհատուցում առաջարկելու պատճառն այն է, որ թիմը դեռևս դուրս է մնում չեմպիոնների լիգայի գոտուց, ուստի առաջիկայում չեն սպասվում մեծ գումարների ներհոսք:
Խնդիրներից մեկը նաև մեր ֆուտբոլիստի աշխատավարձի չափն է: Գալիք մրցաշրջանից «Ռոման» իր ֆուտբոլիստների համար սահմանել է աշխատավարձի առավելագույն սահման՝ 3 մլն եվրո: Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը «Արսենալում» կրկնակի բարձր է: Սակայն, մեր ֆուտբոլիստը հայտարարել է, որ պատրաստ է աշխատավարձի կրճատմանը, միայն թե մնա իտալական ակումբում:
Հեղինակը վերջում գրում է, որ «Ռոման» մեծ հույսեր է կապում Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ, որի օգնությամբ հաջողվեց մեկ տարով վարձակալել ֆուտբոլիստին: Իտալացիները համաձայն են կրկնել նույն գործարքը, միայն թե հայ կիսապաշտպանը գալիք մրցաշրջանում մնա թիմում, չնայած նա արդեն 31 տարեկան է և չի համարվում հեռանկարային խաղացող:
Հիշեցնենք, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնությունում այժմ դադար է հայտարարված՝ կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ: Ըստ նախնական պլանի, մայիսի 4-ից ֆուտբոլիատները դուրս կգան կարանտինից և կսկսեն անհատական մարզումները, իսկ 18-ից արդեն կմեկնարկեն թիմային պարապմունքները: