Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed (3)
A A
Հասարակություն

Ենթադրում եմ` բազմաթիվ աշակերտների համար կարող է վերաքննություն լինել․ կրթության փորձագետը՝ ԿԳՄՍՆ որոշման մասին

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշման համաձայն՝ աշակերտների՝ մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյաններ տեղափոխված գնահատականների հիման վրա ամփոփվելու են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվելու են քննական, և աշակերտները փոխադրվելու են մյուս դասարան:
 
Մեկնաբանելով ԿԳՄՍՆ որոշումը՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ իհարկե պետք է այսպիսի բան լիներ, բայց ճիշտ կլիներ, որ դա ավելի վաղ հայտարարվեր, որպեսզի մարդիկ հստակ իմանային, որ այս ընթացքում իրենց թվանշանները հաշվի չեն առնվելու։
 
«Կամ կարելի էր հայտարարել, որ «այս մարտի 13-ից հետո մենք իրականացնում ենք փորձ, էքսպերիմենտ, որպեսզի տեսնենք, օրինակ՝ առանց թվանշան ինչպես է կարող աշխատել համակարգը»։ Հիմա այս փուլում, իհարկե, որոշակի անարդարություն է առաջանում, որովհետև նախարարությունն ասում էր՝ «ուսուցիչնե՛ր, դուք որոշե՛ք՝ ինչպես եք աշխատում», որևէ հստակ ցուցում չէր տրվել։ Եվ շատ ուսուցիչներ, առաջնորդվելով գոյություն ունեցող կարգով, իրականացրել են դասի հարցումներ, թվանշաններ են նշանակել, գրավորներ են տվել, այդ գրավորները ստուգել են, թվանշաններ են դրել, և բնականաբար հիմա ունենք այլ իրավիճակ»,- նշեց կրթության փորձագետը։
 
Խաչատրյանի խոսքերով՝ հիմա, իհարկե, լավ չէ աշակերտների համար, հատկապես այն աշակերտների համար, որոնք, օրինակ, կարող են ինչ-որ թվանշանի առումով այս որոշման հետևանքով տուժել։ 
 
Առցանց, հեռավար ուսուցման հաճախումների մասով Խաչատրյանն ասաց, որ իհարկե դրանք կնվազեն, որովհետև, ցավոք սրտի, կա աշակերտների մի խումբ, որն, իհարկե, փոքր չէ, սովորում է թվանշանի համար, իսկ հիմա՝ այս որոշումից հետո, ըստ նրա, այս խումբն արդեն կսկսի մատների արանքով նայել, ավելի վատ մասնակցել դասերին։
 
«Այդ իմաստով, կարծում եմ, կա կարելի էր ուսուցիչներին ասել, որ «դո՛ւք, շարունակե՛ք այնպես, ինչպես շարունակում եք, վերջում էլ թվանշաններով փակե՛ք»։ Ի վերջո, տեսե՛ք, ուսուցիչները լավ են ճանաչում իրենց աշակերտներին, և կարծում եմ՝ կարելի էր իրենց վստահել այս գործը։ Բացի այդ, իմիջայլոց, մենք, ենթադրում եմ, ունենալու ենք բազմաթիվ աշակերտներ, որոնց համար կարող է վերաքննություն լինել։ Եվ հիմա սա էլ պետք է որոշեն՝ ինչպե՞ս են այս երեխաները վերաքննություն հանձնում, որպեսզի կարողանան տեղափոխվել հաջորդ դասարան»,- եզրափակեց կրթության մասնագետը։