Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Միամիտ չենք, հասկանում ենք՝ քամին որտեղից կարող է փչել». Սեդա Սաֆարյանը՝ դստերն ու նրա ընտանիքին ծեծելու մասին (տեսանյութ)

«Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանն այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադարձավ իր դստերը, նրա ամուսնուն, վերջինիս ծնողներին ու քրոջը ծեծի ենթարկելու դեպքին։

Փաստաբանն ասաց՝ այս ամենը պատահականություն համարել չի կարելի: Նրա խոսքով՝ այս մեկ տարվա ընթացքում իրենց  ընտանիքը բազմաթիվ հալածանքների է ենթարկվել տարբեր խմբավորումների կողմից:

«Չեմ տեսնում համապատասխան ուժեր, որ կարող են մեր կողքին լինել: Բայց միևնույն է՝ ես ժողովրդին սիրում եմ, ժողովուրդն էլ ինձ է սիրում, և պետք է խաժամուժը հասկանա, որ չափերը անցնելու դեպքում ես չեմ կարող ժողովրդին զսպել: Բացարձակ ցինիզմի դրսևորմամբ ուղղակի բռնության են ենթարկել տարեց մարդկանց, կանանց: Ու այս պարագայում ուղղակի հրավիրել են ոստիկանություն, հարցաքննել ու բաց են թողել: Մեր շուրջը լավ բաներ չեն կատարվում, և դա խորհելու առիթ է տալիս: Մենք այնքան միամիտ չենք, հասկանում ենք՝ քամին որտեղից կարող է փչել»: 

Հելսինկայան ասոցացիա ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա  Կարապետյանցը համոզված է, որ վեճը պատահականության արդյունք չէ,  հարձակվողները իմացել են՝ ուր են եկել և ինչ են անում:

 «Չիմանալով դիմացինդ ով է՝ նման բան քեզ թույլ չես տա: Քանի որ դիմացինդ կարող է լինել, օրինակ, նախորդ հանցավոր ռեժիմի խուժան խուլիգաններից մեկը կամ ինչ-որ մեկի ախրանիկներից մեկը, որը կգա ու քեզ կծեփի պատերին ու կփռի ասֆալտին, ու դիակդ էլ կհայտնաբերեն ինչ որ ձորում: Սա պատահականություն չէ, սա ուղիղ կապ ունի Սեդա Սաֆարյանի գործունեության հետ: Այդ անպատժելիության զգացումն է, որ կողմը ունեցել է, և տարիներ շարունակ այդ որակի մարդիկ ունեցել են բացարձակ պաշտպանվածություն, վստահ են եղել, որ կարող են մի ամբողջ թաղամասում խուլիգանական վարք դրսևորել և անպատիժ մնալ»: 

Նինա Կարապետյանցը կարևոր է համարում, որ ծանր քաղաքական գործերին մասնակցող փաստաբանները և իրենց ընտանքիները  պետք է իրենց բազմակի պատպանված զգան: «Մարտի 1»-ի գործով տուժողի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ նշում է, որ իր համար զարմանալի է, որ Փաստաբանների պալատը կոշտ գնահատական չի տվել միջադեպին:

 «Միայն պալատի նախագահը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Սեդա Սաֆարյանի հետ զրույց է ունեցել, սակայն նա կտրուկ հայտարարությամբ հանդես չի եկել, դա տարօրինակ է: Որոշ փաստաբաններ, որոնք իրավունքի ջատագով էին, թող հայտարարությամբ հանդես գային, ընդամենը մի քանի իրավապաշտպաններ արձագանքեցին: Ցավալի է տեսնել, որ տարիներ շարունակ փաստաբանների նկատմամբ ճնշումներ են լինում, և արձագանք չկա: Եվ տարօրինակ է, որ նման արարք գործող անձի նկատմամբ արգելանքի միջոց չի կիրառվել»:

Սեդա Սաֆարյանն ընդգծեց, որ մինչ միջադեպը՝ նա օրեր առաջ հանդես է եկել հայտարարությամբ:

«Ես ասել եմ, որ Ռոբերտ Քոչարյանը միայնակ չի, և առաջիկայում հայտնաբերվելու են այլ օլիգարխներ: Ունեցել եմ հանդիպումներ և չեմ բացառում, որ հետապնդած և տեսած լինեն: Կան մարդիկ, որոնք ինձ հանդիպել են, և կարծում եմ՝ այդ մարդիկ ուժ կունենան հարցաքննվելու համար: Շատերի ապահովվության հարցը լուրջ է, շատերը կարող են խոսել։ Ինձ մարդիկ գտնում են և վստահում են, եթե քննչական մարմիններին պետք է դա,  այնպես պետք է անեն, որ մարդիկ իրենց մոտ էլ գնան և պատմեն իրենց տեսածը: Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված մերժողական դիրքորոշում եմ արտահայտել: Բացի դա, ՀՀ-ից դուրս մեկ օլիգարխի հետ խնդիրներ ունեմ, և այստեղ էլ գեներալներ կան, որոնց անուններն եմ հնչեցրել: Կան մարդիկ, որ կարող են լուրջ ցուցմունքներ տան և փակեն շատերի բերանը: Էրեբունի հիվանդանոցում  հարցում եմ արել, թե Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ է այդքան հաճախ հիվանդանոցում հայտնվում, ինչը շատերին վրդովվեցրել է: Իրավապաշտպան  Մարինա Պողոսյանը հայտարարեց, որ իրեն հավաստիացրել են, որ ինչ-որ բան է նախապատրաստվում: Ինձ շատերը ասել են,  որ մարդիկ են հավաքագրում, որ զգույշ լինենք»:

Սեդա Սաֆարյանը նաև ընդգծեց, որ ներկաները և ընտանիքի անդամները նշել են, որ իր աղջկան հարվածելը դիտավորություն է եղել:

«Կենտրոնացած են եղել աղջկաս վրա, սա միայն իմ  աղջիկը չի ասում, իմ խնամին և տալը պատմում են, որ հիմնականում Լուսինեին երկու տղա գետնին էին գցել և հարվածում և չէին հանդարտվում: Այս կռվին ոստիկանության նախկին աշխատող է խառնվում, և նրա կինն է ահազանգում ոստիկանություն, բայց չգիտես ոնց է լինում, որ ոստիկանները դեպքի վայր գալուց են լինում, նախկին ոստիկանը, թե կինը զանգում են նրանց, ասում են՝ ոչ մի բան էլ չկա, մի եկեք, սովորական աղմուկ էր, և ոստիկաններին հետ են ուղարկում: Ինչ-որ անհասկանալի բան կա, աղջիկս ասեց՝ ինչպես երևում էր, ոստիկանը ճանաչել է այդ խմբին: Ոստիկաններն էլ ասում են՝ չհասկացանք՝ ինչո՞ւ մեզ ասեցին, որ հետ գնանք: Ինչո՞ւ եմ համոզված, թե սովորական վիճակ չէ: Փեսաս դուրս է եկել, խփել են, պետք է իրար խփեին աղմուկի համար, ոչ թե բոլորը հարձակվեին փեսայիս վրա, սա նշանակում է, որ իմիտացիա է ստեղծվել, դուրս են կանչել: Ու կռիվը տեղափոխել են այնպիսի տարածք, որ տեսանկարահանման տարածքից դուրս մնա: Եվամենաակտիվ դերակատարը դեռ մինչև հիմա չի բռնվել»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ծեծի են ենթարկվել Սեդա Սաֆարյանի դուստրը, փեսան, վերջինիս ծնողներն ու քույրը։