Բացել լրահոսը Փակել լրահոսը
Yerevan_City_Hall_1_(15)
A A
Հասարակություն

Երեւանում կլինի Լեոնիդ Ենգիբարյանի անունով պուրակ, Գանդիի արձան

Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ պուրակ կանվանակոչվի

Երեւանի ավագանին պառրաստվում  է Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երևանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անունով:

Նախագիծը Երեւանի ավագանու ապրիլի 28-ին կայանալիք նիստի օրապարգում է:Այս տարվա մարտի 15-ին Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 85 տարեկան։ Նա մահացել է 37 տարեկան հասակում 1972 թվականի հուլիսի 25-ին Մոսկվայում՝ իր դեբյուտից ուղիղ 13 տարի հետո նույն օրը:

 Մեկ այլ նախագծով նախատեսվում է համաձայնություն տալ Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ եւ փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը Երեւան քաղաքի Հալաբյան եւ Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու համար։ Արտաքին գործերի նախարարությունն է դիմել քաղաքապետին։ Գրության մեջ նաեւ նշվել է, որ արձանը կտրամադրի հնդկական կողմը, ինչպես նաեւ կհոգա արձանի Երեւան տեղափոխման, պատվանդանի կառուցման եւ տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը: Մահաթմա Գանդին Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից եւ գաղափարախոսներից էր: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը` առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքը իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ: ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված առաջարկը հավանության է արժանացել Երևանի գլխավոր ճարտարապետի և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից, ինչպես նաև համաձայնեցվել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ:

Երեւանի ավագանու մեկ այլ որոշման նախագծով էլ նախատեսվում է լուծարել «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ն։