Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed (1)
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Թիմի անդամները միգուցե պաշտոն ստանալու ակնկալիք են ունեցել. Հրաչյա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, դրանց հաջորդած մեկնաբանությունների եւ այլ թեմաների շուրջ «Ա1+»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։

- Պարոն Հակոբյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե հեղափոխությունից ու գործող իշխանություններից հիասթափված են այն մարդիկ, որոնք ակնկալում էին ինչ-որ բաժին ստանալ, ազդեցություն ունենալ, բայց չստացան: Ո՞ւմ մասին է, խոսքը, և արդյո՞ք ձեր թիմին էլ է դա վերաբերում:

- Ճիշտն ասած չեմ կարող ասել, թիմին էր վերաբերում, թե ոչ: Կարծում եմ, ավելի շատ նախորդ իշխանությունների ներկայացուցիչներին էր վերաբերում, որովհետև թիմի անդամները ակնկալիքներով չէ, որ եկել են: Նրանք կոնկրետ գաղափարի համար են պայքարել: Թիմի անդամները միգուցե պաշտոն ստանալու ակնկալիք են ունեցել, թիմում միգուցե եղել են այնպիսի մարդիկ, որոնք պաշտոն չեն ստացել, կամ, օրինակ, պաշտոնավարել են, բայց հետո ազատվել են: Երևի թիմում ավելի շատ նրանք հիասթափված լինեն, բայց ոչ թե` բիզնեսներում մաս ունենալու համար:

- Իսկ ձեր թիմից ովքե՞ր են ունեցել պաշտոն կամ ավելի լավ պաշտոն ունենալու ակնկալիք, որ չեն ստացել ու հիասթափվել են:

- Չեմ կարող ասել, բայց կարծում եմ, այդպիսի մարդիկ եղել են:

- Վարչապետը նաև խոսեց «Սերժ Սարգսյանի մնացորդներից» ազատվելու մասին: Հեղափոխությունից երկու տարի ա՞նց նա հասկացավ, որ այդ մարդիկ են իրեն խանգարում:

- Դա ժամանակի ընթացքում ոչ թե հասկանալու կամ չհասկանալու հարց էր, այլ, ինչպես ինքն ասաց, այդ մարդկանց ժամանակ տալու հարց էր: Վստահ եմ, ինքն էլ գիտեր, կլինեն մարդիկ, որոնք կընդունեն նոր Հայաստանի խաղի կանոնները և կշարունակեն աշխատել ավելի բարեխիղճ, առանց խնդիրների մեջ թաթախվելու: Եվ վստահ եմ, նա գիտեր, որ կլինեն նաև մարդիկ, որոնք չեն կարողանա նման սկզբունքներով աշխատել: Բայց միայն այն պատճառով, որ կլինեն մարդիկ, որոնք չեն կարողանա այդ սկզբունքով աշխատել, պետք չէր կադրային ջարդ իրականացնել: Պետք էր այդ հնարավորությունը բոլորին տալ, և տրվել է, եղել են մարդիկ, որոնք ճիշտ են օգտագործել այդ հնարավորությունը, եղել են մարդիկ` ոչ:

- Հանրային հեռուստաընկերության արդեն նախկին ղեկավար Մարգարիտա Գրիգորյանին ազատելու պահանջ սոցցանցերում հեղափոխությունից անմիջապես հետո էր շրջանառվում: Եվ հիմա կարծիք է հնչում, թե անպայման պետք էր աշխատանքի թերացումը հենց վարչապետի՞ նկատմամբ լիներ, որ այդ փոփոխությունը տեղի ունենար:

- Միայն Մ.Գրիգորյանի մասին չէ, որ նման կոչեր են հնչել, շատերի նկատմամբ են հնչել: Բայց իրենց տրված հնարավորությունից պետք է բոլորը կարողանային օգտվել, այդ թվում` Մ.Գրիգորյանը: Եվ եթե բանը հասավ ազատման դիմում գրելուն, ուրեմն Մ.Գրիգորյանը չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից և հեռացավ:

- Մ.Գրիգորյանից և Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության ղեկավար Պետրոս Ղազարյանից բացի այնտեղ ուրիշ այլ մարդի՞կ պետք է ազատվեն:

- Իմ կարծիքով, այնուամենայնիվ, կան էլի կադրեր, ովքեր պետք է փոխարինվեն:

- Ն.Փաշինյանին քննադատում են իր այն հայտարարության համար, թե նախկինում լրատվամիջոցների ու լրագրողների գերակշիռ մասը իշխանություններից փող է ստացել: Եվ որոշ լրատվամիջոցների ղեկավարներ հակադարձեցին, թե Ն.Փաշինյանն իր մասին է խոսում, որ այդ սկզբունքով է աշխատել նրա ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը, որտեղ նաև Դուք եք աշխատել:

- Այո, ես երկար տարիներ աշխատել եմ «Հայկական ժամանակում», թերթը բազմիցս ներկայացրել է իր հաշվետվությունները, թե ինչ միջոցներով է աշխատել: Ինչ վերաբերում է Ն.Փաշինյանի այդ հայտարարությանը, հետաքրքիր մի բան նկատեցի` այն լրատվամիջոցները, որոնք սկսեցին շատ արագ արձագանքել վարչապետին, ես գրեթե վստահ եմ, որ նրանք իրենց մատնում են, որ թաթախված են եղել նման գործելաոճի մեջ: Նրանք կարող էին իրենց տեղավորել մյուս տասը տոկոսի մեջ, բայց արի ու տես, որ հակառակն արեցին: Այդպիսով նրանք իրենց մատնեցին: Նաև եղան լրատվամիջոցներ ու լրագրողներ, որոնք հասկացան, որ այդ հայտարարությունն իրենց չի վերաբերում:

- Լրագրողները դրվագներ են նշում, թե Ն.Փաշինյանը կհիշի, դրանցի որն ինչ կապեր է ունեցել:

- Ես ոչ մի փաստարկված մեկնաբանություն չեմ լսել: Թող բարձրաձայնեն, թե ումից ինչ է վերցրել:

- Նրանք էլ հակադարձում են, թե Ն.Փաշինյանը թող նշի այն լրագրողների ու լրատվամիջոցների ղեկավարների անունները, որոնք նախկիններից գումար են ստացել:

- Բայց Ն.Փաշինյանը որևէ մեկի անունը չի տվել, իրենք են իրենց տեղավորել այդ սկզբունքով աշխատելու գործելաոճի մեջ: