«Բնագավառը սնանկացման առաջ է»․ տուրիստականների ներկայացուցիչների ակցիան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏուրիստական ոլորտի ընկերությունների ղեկավարները և վարորդներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք նշում են, որ Կառավարության կողմից մշակված՝ տուրիզմին վերաբերող աջակցությունը ամբողջությամբ չի լուծում ստեղծված դրության պայմաններում առաջացած խնդիրները։ Իրենք ակնկալում են Կառավարությունից 12 ամսով սառեցնել իրենց վարկային պարտավորությունները:
«Մեր գործունեության ամբողջ բնագավառը կանգնած է սնանկացման առաջ, քանի որ տուրիստական ընկերությունների պահանջով այս տարի ձեռք ենք բերել նոր ավտոբուսներ: Ընկերություններ կան, ունեն, 5 ընկերություններ էլ կան, ունեն մինչև 30 ավտոբուսներ, և այսօր բոլորը ձեռք են բերվել վարկային միջոցներով: Մեզ վարկերը տրվում են՝ հաշվի առնելով տուրիզմի սեզոնը: Այդ պատճառով ձմռանը եթե քիչ ենք մարում, կրկնակի ավել ենք մարում տուրիստական սեզոնի ժամանակ: Ընկերություններ կան, որ ամսական մարում են մի քանի հարյուր հազար վարկ, կան այնպիսի ընկերություններ, որոնց ամսական վարկային պարտավորությունը հասնում է մինչև 10 մլն դրամի: Ունենալով զրո եկամուտ՝ կունենանք սնանկացած տուրիստական տրանսպորտային պարկ: Մեքենաների լիկվիդայնությունը իրենց արժեքի հետ կապված՝ կորում է, և մնում է միայն մեքենաները քանդել և վաճառել, որպես պահեստամասեր: Մարտի 13-ին դիմել ենք պետությանը, նամակի տակ ստորագրել են 30 տուրիստական տրանսպորտային ընկերություններ և անհատ ձեռնարկակատերեր: Գրեթե 40 օր է անցել, ակնկալում և խնդրում ենք մեր կառավարությանը պատասխանել,- նշեց «Արկա քարս» տուրիստական տրասպորտային ընկերության տնօրեն Արմեն Աբգարյանը:
Ակցիային ներկա էր նաև տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նա նշեց, որ զբոսաշրջության ոլորտն ունի առանձնահատկություններ, և անհրաժեշտություն կա համապատասխան փոփոխություններ կատարել՝ զբոսաշրջության ոլորտի համար ստեղծելով աջակցության առանձին միջոցառում:
«Պետք է հաշվի առնել, որ իրական վերականգնումը, իրական եկամուտների ակնկալումը զբոսաշրջության ոլորտի համար հաջորդ տարվա ապրիլին է, և միայն հրաշքի դեպքում վերականգնումը կարող է սկսել աշնանը: Հետևաբար պետք է արտոնյալ վարկավորման ծրագրերը հետևյալ կերպ ձևակերպենք, որ արտոնյալ վարկերը տրամադրվեն 3 տարով, որպեսզի վճարման համար ունենան 12 ամիս արտոնյալ ժամանակահատված: Բացի դրանից, արտոնյալ վարկերի նպատակը կարող են ուղղել հարկային պարտավորությունների մարմանը, կոմունալ ծախսերի և աշխատավարձերի վճարմանը: Պետք է հաշվի առնել, որ զբոսաշրջային ոլորտի շատ ներկայացուցիչներ ներդրումներ են կատարել և վարկային միջոցներ են ներգրավել, և այսօր չեն կարող այդ վարկային պարտավորությունները կատարել: Միգուցե չկարողանան բանկերը մեկ տարով վարկային արձակուրդ տրամադրել, ապա այդ դեպքում մենք կարող ենք բանկերին և զբոսաշրջության ոլորտին աջակցել՝ թույլ տալով արտոնյալ վարկային միջոցները ուղղել վարկային պարտավորությունների մարմանը: 3-րդ միջոցառմամբ ընտրվում են այն կազմակերպությունները, որոնց տարեկան շրջանառությունը 24-500 մլն դրամ է կազմում: Միգուցե փոքր ու միջին բիզնեսի համար լավ հաշվարկված չափանիշներ են, բայց պետք է հաշվի առնել, որ զբոսաշրջության ոլորտի շատ տնտեսվարողներ մինչև 24 մլն շրջանառություն ունեն», ընդգծեց Մեխակ Ապրեսյանը: