Ովքե՞ր են հիասթափվել հեղափոխությունից հետո. վարչապետը կոնկրետ ցանկ է ներկայացնում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մոդելավորեց հեղափոխությունից հետո իր խոսքով՝ «մեծ հիասթափությունների» թեման, հետհեղափոխական երկու տարիների ընթացքում հիասթափվողներին վարչապետը բաժանեց մի քանի խմբի.
Առաջին խումբը, ըստ նրա, նախորդ իշխանության ներկայացուցիչներն են, քանի որ նրանք սպասում էին, որ «հեղափոխական խնջույքը» կավարտվի և ամեն ինչ կվերադառնա, բայց երկու տարին լրացել է և հորիզոնում չի երևում, որ նրանց հույսերը կարող են արդարացվել:
Երկրոդ խումբը Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախկին իշխանության ենթակառուցվածքի մեջ ներգրավված անձինք են, օրինակ «անկախ» փորձագետների խմբերը, ովքեր եղել են նախկին իշխանության մեջ ներգրավված մարդիկ, նրանք իշխանության ժառանգման առաջիկա հնգամյա, նույնիսկ տասնամյա ծրագիր են ունեցել մշակած, ինչը հեղափոխության ընթացքում փլուզվել է:
«Աներ-փեսա օպերացիան, որը առաջիկա տաս տարվա ընթացքում շատերին պետք է ապահովեր աշխատանք, եկամուտներ, անելիք, հեռանկար՝ փլուզվել է»:
Ըստ Փաշինյանի՝ հիասթափվել են նաև մերձքաղաքական կրիմինալ շրջանակները, ովքեր տարբեր առիթներով նախկին իշխանություններին ծառայություններ են մատուցել և ստացել են արտոնություններ:
«Երկու տարի իշխանությունը ոչ միայն նրանց ծառայությունների կարիքը չունի, այլ նաև, անընդհատ նեղացնում է այն դաշտը, որտեղ կրիմինալ երևույթները կարող են ինչ-որ դրսևորում ունենալ»:
Հիասթափված հաջորդ խումբը կոռուպցիոներներն են, ովքեր հավատացած են եղել, որ կոռուպցիոն հոսքերը կվերականգնվեն, սակայն չեն վերականգնվել.
«Հիմա մարդիկ կաշառք են վերցնում իրենց անձնական պատասխանատվությամբ, որովհետև «գյոզալ» կոռուպցիոն համակարգը գոյություն չունի»:
-Հիաթափվել են նաև այն քաղաքական ուժերը, ովքեր նախկին իշխանությունների հետ կնքել էին իրենց տասնամյա համագործակցության ծրագիրը,-պնդում է Փաշինյանը:
«Ոմանք պիտի սպասարկեին կառուցողական ընդդիմության դերում, ոմանք՝ ոչ կառուցողական ընդդիմության դերում, բայց դա ընդհանուր պլան էր, որտեղ ամեն մեկը իր դերակատարումը պիտի ունենար»:
Ընդդիմադիր քաղաքական ուժերի մի հատված ևս կա, որը նույնպես հիասթափվելու կոնկրետ պատճառ ունի, ասում է Փաշինյանը.
«Այդ քաղաքական ուժերը երկար տարիներ հետևողականորեն զարգացրել են մի ասելիք, բայց հեղափոխության արդյունքում պարզվել է, որ իրականության մեջ այդ ասելիքը չի արդարացվել: Այդ ուժերը երկար տարիներ ասում էին, որ այն, ինչ մենք ասում ենք, անհեթեթ է, անիմաստ է, բայց փաստ է՝ հեղափոխությունը տեղի ունեցավ, և այն ուժերը , ովքեր երկար տարիներ հակառակ պնդումներ էին անում, ըստ էության, զրկվել են քաղաքական ասելիքից, և նրանք նույնպես լեգիտիմ պատճառ ունեն հիասթափության»:
Փաշինյանի պնդմամբ՝ հիասթափվել են նաև արևմտամետները, ովքեր վստահ են եղել, որ Հայաստանում հեղափոխություն են արել արևմտամետները, սակայն ժամանակի ընթացքում հասկացել են, որ արևմտամետ ուժ Հայաստանում իշխանության չի եկել:
Հիասթափվել են նաև ռուսամետները, քանի որ, ըստ Փաշինյանի, նրանք երկու տարբերակ ունեին՝ մեկ մտածում էին, որ Ռուսաստանն իր լծակներով թույլ չի տա այս իշխանության գոյությունը Հայաստանոմ, երկրորդ տարբերակն էլ այն էր, որ Հայաստանի իշխանությունները այնքան մարիոնետային կգտնվեն, որ ստիպաված կլինեն կիսել և զիջել իշխանությունը ռուսամետներին:
Հիասթափված է նաև նախկին օլիգարխիան, որը, վարչապետի պնդմամբ, զրկվել է կոնկրետ արտոնություններից, օրինակ՝ ավտոշարասյուններից:
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հուսալի ֆինանսական աղբյուրից զրկված լրատվամիջոցները ևս հիասթափվել են:
Ընդ որում՝ վարաչպետը ևս մեկ անգամ մատնանշեց, որ լրատվամիջոցների մի մասը այսօր էլ ֆինանսավորվում է նախկին իշխանությունների կողմից, սակայն մտավախութուն ունի, որ եթե ֆինանսավորողները փող չունենան, իրենք դադարելու են գործել:
Նիկոլ Փաշինյանը հիասթափվողների մեջ առանձնացրեց նաև հոգևորականությանը.
«Հայաստանում ինչքան որ ընդգծվում է գաղափարական իշխանութան առկայության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում հոգևոր կյանքի սակավությունը և սա հոգևորականության համար առաջացնում է լրջագույն դիսկոմֆորտ»:
Սփյուռքի որոշ կառույցներ ևս վարչապետի առանձնացրած ցանկում են: Ասում է՝ այսօր բաժանում չկա Սփյուռքի և Հայաստանի միջև շփման, նախկինում դա արվում էր նշված կազմակերպությունների միջոցով:
Մյուս խմբում Փաշինյանի պնդմամբ, այն մարդիկ են, ովքեր հեղափոխությանը միացել էին կոնկրետ նյութական ակնկալիքով, հեղափոխությունից հետո տարբեր առաջարկներ են արել, մերժումներ են ստացել և միացել նախորդ իշխանությանը:
Նիկոլ Փաշինյանը չմոռացավ նաև իր ընկերների և բարեկամների մասին, որոնց կյանքում շոշափելի ոչինչ չի փոխվել, իր վարչապետ դառնալուց հետո, Փաշինյանը նրանց ևս ներառել էր հիասթափվողների ցուցակում:
Գործադիր ղեկավարի պնդմամբ՝ հեղափոխության արդյունքները անգնահատելի բարձր են, որովհետև հեղափոխության շնորհիվ ՀՀ քաղաքացին, ով 27 տարի այն տրամաբնության մեջ էր, որ ինքը որևէ բան չի կարող փոխել, այսօր վստահ է, որ հենց ինքն է որոշում ամեն ինչ: