Ուսանողները դեմ են օնլայն պաշտպանությանը․ նրանք չեն բացառում կեղծիքները
Աջակցիր «Ա1+»-ինԵՊՀ ուսանողները չեն ցանկանում ավարտական աշխատանքները պաշտպանել «Moodle» և «Zoom» հարթակների միջոցով։ Նրանք Change.оrg կայքում ստորագրահավաք են սկսել՝ «Չեղարկել ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների օնլայն պաշտպանությունը» խորագրով։
Նախաձեռնության հեղինակ Միշել Ավանեսովան, որը ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի է, վստահ է՝ օնլայն պաշտպանությունը արդյունավետ տարբերակ չէ և ֆիկտիվ բնույթ է կրելու:
«Օնլայն պաշտպանության հարցը դեռ մարտից քննարկվում էր մեր շրջանում, ու ես էլ, իմ ընկերներն էլ, շատերս անտանելի կոտրված էինք զգում այդ մտքից, որ էս բոլոր տարիների ջանքերը, որոնք իրենց տրամաբանական հանգուցալուծումը պետք է ստանային դիպլոմայինի պաշտպանությամբ, ուղղակի ի վերջո հանգելու են օնլայն, ֆիկտիվ ընթացակարգի»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է Միշել Ավանեսովան:
Ըստ ուսանողուհու անարդյունավետության պատճառները բազմաթիվ են և նախաձեռնությունը արդարացված է:
«Դասխոսներն ու ուսուցիչները կհասկանան՝ ինչ նկատի ունեմ։ Արմատապես տարբերվում է լսարանում բանախոսելը, ու դա անելը օնլայն, երբ դու լսարանին չես զգում, չես կարողանում էմոցիոնալ կապ հաստատել, ինչը ոչ միայն կօգնի քո փաստարկներն էլ ավելի համոզիչ ու գեղեցիկ ներկայացնել, այլ թույլ կտա երկու կողմին էլ պարզապես վայելել ամբողջ պրոցեսը։ Բացի այդ՝ օնլայն պաշտպանության դեպքում բազմաթիվ խարդախությունների մեծ ռիսկ կա, դա էլ է ֆիկտիվ դարձնում ու դրա պատճառով ուղղակի որակազրկվում, արժեզրկվում է ողջ գործընթացը»,- ասում է Միշել Ավանեսովան:
Նախաձեռնության հեղինակը առաջարկում է հետաձգել պաշտպանությունը։
«Զորակոչի ու նաև մագիստրատուրայի ընդունելության հետ կապված հնարավոր խնդիրներն ենք հաշվի առել՝ մեր պահանջը ձևակերպելիս։ Մենք գրել ենք. «հետաձգել ԽԵԼԱՄԻՏ ժամկետներով», բառի ընտրությունը հենց ենթադրում է այնպիսի ժամկետ, որը չի խանգարի ո՛չ զորակոչին, ո՛չ մագիստրատուրա դիմելուն։ Զորակոչը ամառն է, հունիսի վերջ հուլիսի սկիզբ շրջանում, եթե չեմ սխալվում։ Դիպլոմայինի պաշտպանությունը մեկ երկու շաբաթով հետաձգելը պետք է որ խնդիր չառաջացնի»,- նշում է Միշել Ավանեսովան:
Նշենք, որ նախաձեռնությունը սկսվել է երեկ և այս պահի դրությամբ առկա է 130 ստորագրություն: