Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանն ընդունել է, որ բացթողումներ ունեցել է (տեսանյութ)

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սխալ է համարել, որ Յուրի Խաչատուրովը մերժել է հանձնաժողովի հրավերը և չի մասնակցել նիստին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաև գլխավորում է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։

«Ասաց, որ խոսել է Խաչատուրովի հետ այստեղ գալուց առաջ և հորդորել է, որ ճիշտ կլինի գալ։ Խաչատուրովը՝ Սերժ Սարգսյանի մեզ մոտ լինելուց հետո ճիշտ կանի, որ գա և պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա, ի վերջո այդ ժամանակվա համար մեկ զինվորականն է եղել Գլխավոր շտաբի պետը»,- ասաց պարոն Քոչարյանը։

Սերժ Սարգսյանից ստացել են բոլոր այն հարցերի պատասխանները, որը փոխանցել է Սերժ Սարգսյանը, բայց բոլոր հարցերի պատասխանները չեն ստացել։ Պատասխաններն ամբողջական կլինեն, երբ այլ պաշտոնյանների լսեն։

«Մենք հարցրել ենք այն հարցերը, որոնք կարող էինք ուղղել իրեն։ Ինքը հարցերին պատասխանել է այնքանով, որքանով տիրապետում է, բայց բաներ կան, որ կարող է և չհիշել կամ իրեն զեկուցած չինեն։ Հիմա մեզ հետաքրքիր է՝ չեն զեկուցե՞լ, թե՞ չի հիշում։ Կգա մի օր, երբ այս ձայնագրությունները, որոնք հարստացնում են ապրիլյան դեպքերի ուսումնասիրությունները՝ ամբողջական կլինեն ու հանրությանը հասանելի, որ մենք կհասկանանք մեր թերությունները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին, թե Սերժ Սարգսյանն ընդունե՞ց, որ բացթողումներ ունեցել է, պարոն Քոչարյանն ասաց՝ իհարկե։ Ըստ նրա՝ երրորդ նախագահի պատասխաններից նոր բացահայտումներ են եղել:

«Սերժ Սարգսյանը բավական պատրաստված էր և մինչև մեր աշխատանքների սկսվելը ներածական խոսքով հանդես եկավ, որը կկցվի մեր եզրակացությանը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։