Համաներումը հեղափոխության արդյունք էր, սակայն դրանցից օգտվեց կոռումպացված համակարգի կրողներից մեկը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀամաներումը հեղափոխության արդյունք էր, սակայն դրանից օգտվեց կոռումպացված համակարգի կրողներից մեկը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանին վրդովեցրել է երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած «Ճըվճըվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սարգիս Վարդանյանի համաներմամբ ազատ արձակվելը։ ԱԺ-ում պատգամավորը հայտարարեց, որ նախկինում այդ գործով ներգրավված անձինք, քաղաքական վերնախավի հետ սերտ ու հանցավոր կապեր ունենալով կարողացել են խեղաթյուրել փաստերը և գործը կարել հարմար տարբերակով։
«Հիմա, երբ հետադարձ հայացք ենք նետում, պատկերացնում ենք այն սխեման, որով գործել և ամեն ինչ արել են, որպեսզի մեղադրանք առաջադրվի, հետագայում փոխվի այնպիսի պատժաչափով, որպեսզի ոչ միայն հնարավորինս մեղմ պատիժ տրվի, այլև համաներում շնորհվի, ինչը հեղափոխության արդյունք էր, սակայն փաստացի դրանից օգտվեց կոռումպացված համակարգի կրողներից մեկը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Սարգիս Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Նա դատապարտված է եղել 6 տարի, 6 ամիս ժամկետով։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նա ազատ է արձակվել ապրիլի 3-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։