Բացել լրահոսը Փակել լրահոսը
elina-asriyan-e1562664008373
A A
Հասարակություն

Ե՞րբ եւ ի՞նչ ձեւաչափով տեղի կունենան ավարտական աշխատանքների պաշտպանությունները․ ԵՊՀ պրոռեկտորի պարզաբանումը

Արտակարգ իրադրությունը երկարացվեց մինչեւ մայիսի 14-ը։ Այս պայմաններում ինչպե՞ս են ընթանում դասերը ուսումնական հաստատություններում, ինչպե՞ս են անցնելու քննությունները։ 

Կորոնավիրուսի պայմաններում Երևանի պետական համալսարանի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ «Ա1+»-ը հարցեր է ուղղել ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլինա Ասրիյանին։

 

Տիկի՛ն Ասրիյան, համալսարանում այժմ ինչպե՞ս են անցկացվում դասընթացները, քննությունները։

ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո համալսարանն անցավ դասավանդման առցանց ձևաչափին: Իրականում ԵՊՀ-ում մի քանի տարի է, ինչ գործում է «Moodle» համակարգը, և որոշ դասախոսներ արդեն իսկ ունեցել են դասավանդման այս ձևաչափի փորձառություն: Նշեմ, որ միայն անցյալ կիսամյակում ԵՊՀ-ում 200 դասընթաց իրագործվել է առցանց: Իհարկե, ճգնաժամը նպաստեց առցանց իրականացվող դասընթացների թվաքանակի կտրուկ աճին:

Այսպես միայն «Moodle» հարթակի վիճակագրական տվյալների համաձայն՝ այսօր 705 դասընթացում ունենք ակտիվացրած «Bigbluebutton» վեբինարը։ Բուհի ուսուցման կառավարման առցանց հարթակում՝ https://e-learning.ysu.xn--am--9eet4d/, բացի արդեն առկա առցանց դասախոսությունների իրականացման «Bigbluebutton» համակարգերից ինտեգրվել է նաեւ «Zoom» (վիդեոկոնֆերանս, վեբկոնֆերանս) գործիքը։ Խնդիրներից մեկն այն էր, որ և դասախոսները, և ուսանողները քիչ էին օգտագործում իրենց համալսարանական էլեկտրոնային հասցեները, հետևապես պարբերաբար թարմացվող տեղեկատվության, ստեղծված իրավիճակի արդյունքում փոփոխվող կարգերի հասանելիության ապահովումը բարդ էր, սակայն մեկ-երկու շաբաթվա մեջ վերականգնվել է ավելի քան 2200 էլ-հասցե և գաղնաբառ, որի շնորհիվ մեր ուսանողների և դասախոսների հետ հաղորդակցումը դարձավ ավելի արդյունավետ:

 

Արդյոք հնարավոր լինո՞ւմ է առցանց կերպով պատշաճ կազմակերպել ուսանողների ուսումնառությունը, ի՞նչ խնդիրների եք բախվում, ի՞նչ քայլեր են կատարվել ու կատարվում խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։

Խնդիրներից առաջինը արդեն նշեցի, քանի որ առցանց ուսուցման մեր հարթակները մուտք գործել հնարավոր էր միայն համալսարանական էլ. հասցեի միջոցով, դրանք անհրաժեշտ էր ակտիվացնել կամ վերականգնել, սակայն, ինչպես ասացի, այս խնդիրը համարյա լուծված է: Երկրորդ խնդիրը վերաբերում էր գրադարանում առկա տեսական աղբյուրների հասանելիությանը: Բոլոր ուսանողներին նամակ է ուղարկվել, որտեղ նրանց է առաջարկվել ԵՊՀ գրադարանի արդեն իսկ թվայնացված բոլոր ռեսուրսների հղումները և ԵՊՀ հրատարակչության կողմից բոլոր տպագրված մենագրությունները, մեթոդական ձեռնարկները և այլն:

Ինչ վերաբերում է ուսումնառության կազմակերպմանը, ապա մշտադիտարկման արդյունքները մատնանշում են, որ գործընթացն իրականացվում է սպասվածից լավ, մենք վերահսկում ենք գործընթացը և ասեմ, որ ուսանողների մասնակցությունը բավականին բարձր է: Վերջին տարիներին դասախոսները շատ էին բողոքում ուսանողների մասնակցության տոկոսից, սակայն առցանց դասախոսություններին մասնակցությունը բարձր է: Իմ դասախոսություններին, օրինակ, մասնակցում են ոչ միայն իմ ուսանողները, այլև ուսանողներն այլ կրթական ծրագրերից: Վստահ եմ, որ նման դեպքերը քիչ չեն: Իհարկե կան նաև բարդություններ, օրինակ որոշ դասախոսների համար բարդ է օգտվել ժամանակակից գործիքներից, և նրանք ընտրում են իրենց հասանելի էլեկտրոնային գործիքները այս պահին մենք այլընտրանք չունենք: Մենք շնորհակալ ենք մեր բոլոր դասախոսներին:

 

Ավարտական աշխատանքների համար ի՞նչ ժամկետներ են սահմանվել, ե՞րբ են տեղի ունենալու պաշտպանությունները, ի՞նչ ձևաչափով, ուսանողները կարողանում են պատրաստվել։

Նոր ստեղծված պայմանները բարդ են և սթրեսածին և՛ ուսանողների, և՛ դասախոսների համար, և իրավիճակը հաղթահարել կարող ենք միայն միասին, բայց որ կարող ենք հաղթահարել, դա հաստատ է: Ավարտական աշխատանքների պաշտպանությունները տեղի են ունենալու մայիսի 4-ից հետո ձևաչափը դեռ քննարկման փուլում է: Սակայն այս պահին մենք ադապտացնում ենք մեր հարթակներն առցանց պաշտպանությունների համար: Փորձնական ճանապարհով 2 ֆակուլտետում նախապաշտպանությունը կազմակերպելու ենք «Մուդլ» հարթակի միջոցով, որպեսզի հասկանանք՝ ինչ խնդիրներ կարող են ծագել և լուծել այդ խնդիրները: Այս հարթակը հնարավորություն է տալիս ներբեռնել և՛ ավարտական աշխատանքը, և՛ գրախոսականը, և՛ գիտական ղեկավարի կարծիքը, և՛ պրեզենտացիան, որպեսզի հանձնաժողովի անդամներին այդ ամենը հասանելի լինի: Արդեն պատրաստ են պաշտպանություններն առցանց կազմակերպելու համար անհրաժեշտ ուղեցույցները (որոնք դեռ կուղարկվեն բոլորին) և՛ ուսանողների, և՛ հանձնաժողովի անդամների համար:

 

Ուսումնական հաստատությունների կանոնավոր գործունեությունը վերսկսելուց հետո, ըստ Ձեզ, ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել առցանց կրթության մասով։

Այս փուլը բարեհաջող ավարտելուց հետո անհրաժեշտ կլինի մեծ հետազոտություն իրականացնել երկու ուղղությամբ: Առաջին ուղղությունը վերաբերում է առցանց ուսումնական գործընթացի մեջ ներգրավված բոլոր սուբյեկտների հոգեբանական բարեկեցության ուսումնասիրմանը, երկրորդ ուղղությունը վերաբերում է նոր հարթակներում ստացված գիտելիքների գնահատմանը: Ստացված արդյունքների վերլուծությունը միայն կարող է հուշել, թե ինչ պետք է արվի հետագայում: Բացի այդ պետք է հաշվի առնել այն փաստը, որ առցանց հնարավոր չէ իրականացնել ապագա մասնագետի կայացման համար ոչ պակաս կարևոր մասնագիտական և մանկավարժական պրակտիկաները, որոշ լաբորատոր պարապմունքները և այլն: Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա այն մեծ խնդիր չէ, քանի որ մեր համալսարանական հարթակները ամբողջովին վերահսկելի են: