Բացել լրահոսը Փակել լրահոսը
_47I3986
A A
Քաղաքականություն

Վարչապետը ԵԱՏՄ կոնֆերանսին ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը (տեսանյութ)

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստն ընթանում է տեսակոնֆերանսի ձեւաչափով:

Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ մեր երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն այս պահին վերահսկելի է: Ներկայացրեց մեր երկրում այս պահին եղած սահմանափակումներն ու վարակակիրների, առողջացածների և գրանցված մահերի թիվը:

«Մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ մարտի 24-ից՝ խիստ կարանտինային ռեժիմ մտցվել»:

Փաշինյանը ելույթում  նաև ընդգծեց, որ վարակվածների գերակշիռ մասի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, նույնիսկ առանց սիմտոմների:

 Միևնույն ժամանակ հստակեցրեց, որ մեր երկիրը չի թուլացնում պայքարը պանդեմիայի դեմ՝ բարձրացնելով դրա էֆեկտիվությունը, մասնավորապես՝ թեստավորումների քանակն ավելացնելով:

«Պանդեմիայի դեմ պայքարում մենք համագործակցում ենք մեր հիմնական միջազգային գործընկերների հետ, և օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս կոլեգաներին օպերատիվ օգնության և արդյունավետ համագործակցության համար»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց,որ Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել ԵԱՏՄ գործընկերներին՝ անդրադառնալով նաև ՀՀ կառավարության կողմից մշակված աջակցության փաթեթներին:

Փաշինյանը խոսեց իրավիճակի անկանխատեսելիության մասին՝ ընդգծելով.

«Մենք կարծում ենք, որ այս աննախադեպ իրավիճակում առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել անխափան առևտրաշրջանառություն, բեռնափոխադրումներ ԵԱՏՄ-ի տարածքում»։

Վարչապետը ելույթն ավարտեց լավատեսական նոտայով, որ այս աշնանը աշխարհում վարակը հաղթահարված կլինի, և Հայաստանը պատրաստակամ է հյուրընկալելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի մասնակիցներին։