Բացել լրահոսը Փակել լրահոսը
арест-1024x768
A A
Քաղաքականություն

Խաղի կանոնները հստակեցնելուց մինչև հնդկական ֆիլմերի հիշեցում․ ապօրինի ծագում ունեցող գույքը կբռնագանձվի

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Կառավարությունն առաջարկում է իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրինագծով կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է ուսումնասիրություն սկսելու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու եւ ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման առնչությամբ միջազգային համագործակցության կանոնները, ինչպես նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերությունները:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկություններ են արվել։ Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց այդ առաջարկությունները, որից հետո պատգամավորների հարցերին պատասխանեց:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նախարարից հետաքրքրվեց, թե ապօրինի գույքի կամավոր հայտարարագրման խմբակցության առաջարկությունը ինչո՞ւ չի ընդունել Կառավարությունը։ Պատգամավորը չի կիսում այն լավատեսությունն ու հիմնավորումը, որ ներկայացված փաթեթը դրական կազդի ներդրումային միջավայրի վրա, հակառակը՝ ներդրողների համար անորոշությունները միշտ ռիսկեր ու անհանգստություններ են առաջացնում։

«Ներդրողները, որոնք ինչ-որ ժամանակ եկել ու գույք են ձեռք բերել, չսկսեն անհանգստանալ, որ մի օր էլ կարող են դատարանի կողմից հրավիրվել ինչ-որ պրոցեսի, և ասեն՝ այս գույքը ապօրինի ծագում ունի, արի հիմնավորումներ ներկայացրու։ Դուք դիտարկե՞լ եք՝ արդյոք նախկինում այս գույքի բռնագանձման գործընթացների համար ժամկետային սահմանափակում կա՞, որն առավելապես կսահմանի հնարավոր տեսանելի տեսադաշտ բոլոր ներդրողների համար»,- հետաքրքրվեց նա։

Ի պատասխան պատգամավորի առաջին հարցին, Արդարադատության նախարարն ասաց, որ կամավորությունն առաջարկում են հաշտության համաձայնության համարկարգի շրջանակում, այսինքն՝ մինչև գործի դատարան հասնելը։

«Առաջարկում ենք հաշտության համաձայնություն 75 %-ի սահմանաչափով։ Այսինքն՝ հնարավորություն ենք տալիս կամավոր վերադարձնել ապօրինի ծագում ունեցող գույքի 75%-ը, պայմանով, որ ամբողջ ծավալով կհայտարարագրվի, և թույլ ենք տալիս, որ գույքի 25%-ից շարունակ են օգտվել»,- պարզաբանեց նախարարը։

Ռուստամ Բադասյանն ասաց, որ ժամկետային սահմանափակում չի լինելու, որովհետև սա  չի ներդրվում որպես անցումային արդարադատության գործիք, և սա Հայաստանի իրավական համակարգում միշտ պետք է լինի։

«Սա խաղի կանոնների հստակեցում է։ Այսինքն՝ բոլորս գիտենք, որ անհրաժեշտ է միայն օրինական ճանապարհով եկամուտներ ձեռք բերել, և հակառակը արգելվում է։ Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը համարում ենք չունեցած, որը հնարավոր էլ չի փոխանցել։ Այս օրենքը միշտ պետք է գործի, որ պաշտոնատար անձը, կամ քրեական ենթամշակույթի խմբավորման ղեկավարն իմանա, որ պետությունը ապօրինի ծագում ունեցող գույքը ապօրինի շրջանառությունից հանելու և օրինական շրջանառության մեջ է դնելու, ինչը իմ խորին համոզմամբ՝ բերելու է թե՛ ներդրումային, թե՛ տնտեսական միջավայրերի բարելավմանը»,- ասաց Ռուստամ Բադասյանը։

Հարակից զեկուցող Սուրեն Գրիգորյանը կոչ արեց կողմ քվեարկել, բայց և անկեղծացավ՝ մի շարք դրական փոփոխություններից բացի, որոշ տեղերում Կառավարությունը չափազանց մեղմ մոտեցում է ցույց տվել։ Պատգամավորը զգուշացրեց՝ եթե որոշ գործիքներ անարդյունավետ աշխատեն, հենց մեղմ մոտեցման պատճառով է լինելու։

«Այս նախագիծը ոչ միայն պաշտոնատար անձանց կողմից և պետությունից թալանված գույքի մասին է, այլև նրա մասին է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը ՀՀ-ն չի հանդուրժելու»,- նշեց Սուրեն Գրիգորյանը։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հիշեցրեց հեռավոր 90-ական թվականների սկիզբը, երբ գույքի մեծամասնությունը պետական էր, և այդ գույքը օրենքով սահմանված կարգով հավասարապես բաշխվեց քաղաքացիների միջև, սակայն հետո տեղի ունեցածը միայն ֆիլմերում էր լինում, ընդ որում՝ հնդկական ֆիլմերում։

«Հասարակության հսկայական ստրաֆիկացիա, ծայրահեղ աղքատների մեծ բազմության առկայություն, դրա հետ զուգահեռ չհիմնավորված հարուստների փոքր խավի կաստայի ձևավորում, որոնցից շատերն, ըստ էության իրենց սեփականության հիմքում ունեին ոչ թե սեփական ունակությունը, աշխատասիրությունը, այլ բոլորիցս տարած, գողացած, հափշտակած գումարները, բոլորս էլ դրա մասին գիտենք»,- հիշեցրեց պարոն Վարդանյանը։

Հանձնաժողովի նախագահը նույնպես կողմ է նախագծերի փաթեթին։ Ըստ նրա՝ սա այն մասին է, որ ՀՀ քաղաքացին արտահայտում է իր կարծիքը, որ պատրաստ է վճարել հարկեր, բայց պատրաստ չէ իր միջոցներով հարստացնել առանձին մարդկանց։

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ նախագծերի փաթեթին դրական եզրակացություն տվեց։