Բացել լրահոսը Փակել լրահոսը
11_770x510.thumb
A A
Քաղաքականություն Հասարակություն

Ոչ ոք իրենց չի ստիպում 500 հազար դրամով նվիրված աշխատել․ սոցիոլոգը՝ ԱԺ փոխխոսնակի մեկնաբանության մասին

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Կառավարության իրականացրած քայլերի, դրանց արդյունքում ձևավորվող հանրային տրամադրությունների եւ այլ թեմաների շուրջ «Ա1+»-ը զրուցել է սոցիոլոգ Գևորգ Պողոսյանի հետ:

Վերջինս ասում է՝՝ այս պահին հարցումներ չեն իրականացրել հասկանալի պատճառներով․ ընդհանուր տրամադրություններից դատելով՝ տպավորությունն այնպիսին է, որ մարդիկ հասկանում են՝ սրանք անհրաժեշտ միջոցառումներ են:

«Ես նայեցի մի քանի հետազոտություններ Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում արված, այնտեղ բացահայտել  են, որ ինչքան խիստ են սահմանափակաման մեթոդները, այնքան բնակչությունը կարծես թե ավելի ըմբռնումով է մոտենում, և իշխանությունների վարկանիշը բարձրանում է»:

Ինչ վերաբերում է կոնկրետ մեր երկրին, սոցիոլոգն ասում է՝ միտումները նույնն են, բոլոր երկրներում սա ընդհանուր մոդել է: 

«Եթե կատարվող միջոցառումները դրական արդյունք տան, սա կնշանակի, որ իշխանությունները կարողացան հաղթահարել այս իրավիճակը»:

Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չեն, որ ցածր աշխատավարձի դիմաց տարիներով «չարքաշ աշխատեն»։ 

Մեր հարցին, թե ԱԺ փոխխոսնակի նման հայտարարությունը այս իրավիճակում հանարյին տրամադրությունների վրա ինչպիսի՞ ազդեցություն կգործի, Պողոսյանը արձագանքեց, թե սա անզգույշ արտահայտություն էր.

«Մեր երկրում, որտեղ միջին աշխատավարձը 100-130 հազար դրամ է, խոսել այն մասին, որ 500 հազար դրամը բավարար չէ՝ նվիրյալ աշխատանք կատարելու համար, բացի հեգնանքից ու բացասական գնահատականներից՝ հանրության շրջանում ուրիշ բան չի կարող առաջացնել»:

Պողոսյանն ասում է՝ բոլոր դեպքերում իրենք հնարավորություն ունեն դիմում գրել և դուրս գալ.

«Ոչ ոք իրենց չի ստիպում 500 հազար դրամով նվիրված աշխատել, եթե իրենց նախորդ աշխատավարձերը բարձր էին, կարող են վերադառնալ իրենց նախորդ աշխատանքին և չտուժել որպես նախարներ կամ փոխխոսնակներ»:

Ինչ վերաբերում է մարդկանց սոցիալական վիճակին և դրա հետևանքով իշխանության վարկանիշի փոփոխությանը, սոցիոլոգն ասում է՝ պետք է հասկանալ, որ սա ոչ ստանդարտ իրավիճակ է , որում իշխանությունը մեղավոր չէ.

«Բոլոր դեպքերում, իհարկե, բնակչության տնտեսական, ֆինանսական իրավիճակը վատթարանում է, և դա չի կարող չանդրադառնալ նաև իրենց վարքագծի և դիրքորոշումների վրա: Բոլոր դեպքերոմ պետք է հասկանալ, որ սա համաշխարհային արհավիրք է և ոչ թե բնորոշ է միայն Հայաստանին»: