Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺ Ազգային Ժողով
A A
Քաղաքականություն

Փոփոխություններ՝ համալիր հարկային ստուգումներ նշանակելու բնագավառում (տեսանյութ)

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Փոփոխությունները վերաբերում են օրենսգրքի 55 և 57-րդ հոդվածներում քննիչի և հետաքննության մարմնի լիազորությունների սահմանմանը՝ համալիր հարկային ստուգումներ նշանակելու բնագավառում։ Ըստ հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի՝ ներկայումս տնտեսվարողների մոտ համալիր հարկային ստուգումներ նշանակելու դեպքերը իրականցվում են Հարկային օրենսգրքում նախատեսված ռիսկայնության չափանիշների հիման վրա, ինչպես նաև նախատեսված են որոշակի դեպքեր, որոնք շեղվում են ընդհանուր կանոնից։

«Այս կանոններից մեկը հետաքննիչի և քննիչի պատճառաբանված որոշումն է, սակայն գործնականում հանդիպում են դեպքեր, երբ քրեական գործերով ստուգումներ են նշանակվում առանց բավարար պատճառաբանության, մենք առաջարկում ենք քննիչի լիազորություններում նախատեսել՝ որոշում ընդունել կատարելու ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ (հանգամանք) կարող են հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Նախատեսում ենք նաև որոշումը ընդունելուց հետո անհապաղ ուղարկվում է հսկող դատախազին: Հսկող դատախազը որոշումը ստանալուց հետո յոթ օրվա ընթացքում իրավասու է վերացնել որոշումը»,- զեկուցեց Էդվարդ Հովհաննիսյանը։

Հարակից զեկուցող Սերգեյ Ատոմյանը նշեց, որ այս կարգավորումներն անհրաժեշտ են։ Նախկինում քննիչ եղած պատգամավորն իր պրակտիկայից օրինակ բերեց, որոնք վկայում էին անորոշ իրավիճակների մասին։

«Ճիշտ է ոչ բոլոր դեպքերում էին լինում, բայց անհարկի ծանրաբեռնում էինք հարկային կամ այլ պետական մարմիններիին և դրանով իսկ գործից բխող գործողություններ չէր կատարվում։ Այժմ հստակեցվում է, որ որոշման տեսք ենք տալիս ստուգումներ նշանակելուն և հնարավորություն ենք տալիս դատախազությանը, որպեսզի կարողանա ֆիլտրել այդ որոշումները և զտել, հասկանալ անհրաժեշտություն կա՞ տվյալ տնտեսվարող սուբյեկտին ստուգելու, թե ոչ»,- նշեց նա։

Նախագծում որոշ տեխնիկական փոփոխությունների առաջարկություններով հանդես եկավ հարակից զեկուցողը։ Առաջարկությունները գրավորվ կերպով ներկայացնելուց հետո նախագիծը քվեարկության դրվեց, այն դրական եզրակացություն ստացավ։

Տեսանյութը՝ այստեղ