Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Եթե անձը լքում է մեկուսացման վայրը, ավտոմատ հաղորդագրություն է ուղարկվում ոստիկանություն․ Բագրատ Բադալյան (տեսանյութ)

Հիվանդի հետ շփումների շրջանակը պարզելու համար օգտագործվում են բջջային օպերատորների կողմից  տրամադրված տվյալները. Կառավարության ասուլիսի ժամանակ անդրադառնալով թվային գործիքների կիրառման միջոցով կորոնավիրոսով վարակվածի շփման շրջանակը պարզելուն նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը:

«Մեզ տրամադրվում է հիվանդի հետ շփում ունեցող անձանց տվյալները և ցուցակը, որից հետո իրականացվում է հարցազրույց այն անձանց հետ, որոնք հանդիպել են հիվանդի հետ և այդ անձինք ինքնամեկուսացվում են: Ինքնամեկուսացված անձանց հետ առողջական վիճակի մասին  պարբերաբար տեղեկատվություն է հավաքագրվում: Սննդի անհրաժեշտության դեպքում ինքնամեկուսացված անձին կամ ընտանիքին տրամադրվում է սնունդ: Պարբերաբար հաղորդագրություններ ենք ուղարկում ինքնամեկուսացված անձանց, որոնք անցնում են մեր կողմից իրենց ուղարկված հղումով և պատասխանում են իրենց առողջական վիճակի մասին, ինքնալուսանկարվում են, որ հասկանանք, որ դա ինքնամեկուսացված անձն է, թե ոչ: Հավաքագրվում է նրանց գտնվելու մասին տեղեկատվոթյունը, որով հավաստիանում ենք, որ չեն լքել մեկուսացման վայրը: Հաղորդագրությունները օրվա ընթացքում ուղարկվում է մի քանի անգամ, որպեսզի  հնարավոր չլինի բացակայել ինքնամեկուսացման վայրից»:

Բագրատ Բադալյանը տեղեկացրեց, որ վերահսկվում է նաև ինքնամեկուսացված անձանց գտնվելու վայրը, եթե անձը լքում է մեկուսացման վայրը, ավտոմատ համակարգով այդ հաղորդագրությունը փոխանցվում է ոստիկանություն և ոստիկանությունը համապատասխան ստորաբաժանումներին ուղարկում է մեկուսացման հասցեն պարզելու համար: Եթե պարզվում է, որ անձը լքել է վայրը, ենթարկվում է վարչական տուժի, իսկ  երևույթի կրկնվելու դեպքում տվյալ անձը  տեղափոխվում է մեկուսացման վայր:

«Երբ կարճ հաղորդագրության միջոցով առողջական վիճակի մասին տեղեկատվությունը հավաքագրվում է այն քաղաքացիների մոտ, որ ախտորոշվում է հնարավոր վարակ կամ կասկած, տվյալները փոխանցվում են պարետատան ստորաբաժանմանը և առողջապահության նախարարության աշխատակիցները զանգահարում են այդ մարդկանց և պարզում, եթե առկա են գանգատներ՝ թեսթավորում են իրականացնում»:

Հայ ծրագրավորողների կողմից ստեղծված  «Covid 19 Armenia» հավելվածը, Բագրատ Բադալյանի փոխանցմամաբ, ունեցել է 40 հազար բեռնում, որի շրջանակներում 240 անգամ մարդիկ թեսթ են իրականացնել: Մոտ 1500 մարդ հայտնվել է կարմիր գոտում, սակայն հարցազրույցի միջոցով առանձնացվել է 31-ը, որից 12-ը թեսթավորվել են, որից 8-ի մոտ եղել է բացասական, իսկ չորսի մոտ՝ դրական, մնացած անձանց արդյունքները դեռ չկան:

«Տեղորոշման երկու միջոց կա՝ մեկը բջջային օպերատորների միջոցով որի  շառավիղը ճշգրիտ չէ, և երկրորդը՝ տվյալ անձի կորդինացիայի ֆիքսումն է, որը ավելի ճշգրիտ է և բնակարանի լքումից հնարավոր է տեղեկատվությունը փոխանցվի: Համակարգը գործում է երեկվանից, դեռ ինքնամեկուսացվածներ չկան, այսօր կունենանք անձանց ցանկ: Համաձայն կառավարության որոշման և օրենքի 3 շաբաթյա արդյունքում տվյալները կոչընչացվեն: 100-ից ավել քաղաքացիների հետ շփում է իրականացվել և խոչընդոտ և բացասական արձագանք չենք ստացել«: