Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աղասի Թադևոսյան
A A
Հասարակություն

«Կա վախ. Բա մեր ազնիվ ցեղն էսպես կորչելո՞ւ է»

Այն, ինչ կարող էինք կարդալ և զարմանալ ֆանտաստիկ թվացող գրքերում՝ Զամյատինի, Օրուելի, Քամյուի գործերում, հանկարծ շոշափելի է դառնում մեր կյանքում: Կորոնավիրուսը քաղաքակրթական մասշտաբի փոփոխություններ է ենթադրում: Յուրաքանչյուրս մեր տանը զգում ենք նույնը, ինչ մեկ ուրիշը աշխարհի մյուս ծայրում, իր տանը: Սակայն արդյո՞ք յուրաքանչյուր անհատ կամ յուրաքանչյուր ազգ ունի բացառապես իրե՛ն բնորոշ արձագանքը , տվյալ դեպքում, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին, թե՞ մարդ արարածի արձագանքը վտանգին, անորոշությանն ունիվերսալ է:

Այս և մի շարք այլ հարցերի շուրջ «Մեդիա կենտրոնը» զրուցել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:

 -Պարո՛ն Թադևոսյան, հայերիս արձագանքը այս ճգնաժամին կարելի՞ է ընդհանրացնել այսպես՝ «Մենք այնպիսի բաների միջով ենք անցել՝ պատերազմներ, Ցեղասպանություն, երկրաշարժ, սով, մութ, ցուրտ: Կորոնավիրուսն էլ կհաղթահարենք»:

 

- Չէի ցանկանա միֆոլոգիզացնել իրավիճակը և կապել անցյալում տեղի ունեցած կրիտիկական իրավիճակներում մարդականց ստեղծած ասույթների հետ: Այսօր ունենք իրավիճակ, որը պետք է իրականորեն գնահատել: Իրավիճակի իրական գնահատականն այն է, որ կա արագ տարածվող վիրուսի տեսակ, որի ստեղծած վտանգն այն է, որ եթե դա շատ արագ տարածվի, տեմպը բարձր լինի, բուժումն իրականացնելը առողջապահական համակարգի կողմից կլինի դժվար: Եվ մարդկանց պարզապես առաջարկ է արվում մնալ տներում, այդպես մասնակցել հիվանդության կանխմանը: Տարբեր մարդիկ տարբեր արձագանքներ ունեն: Չէի ասի, թե այսօր կա հասարակության մեջ միատեսակ արձագանք…

 

-Կա՞ տարբերություն՝ ինչպե՞ս են տարբեր ազգեր արձագանքում նույն ճգնաժամին: Այս դեպքում՝ կորոնավիրուսին:

 

- Իհարկե կա: Արձագանքի տարբերությունն ի սկզբանե , կարծեք թե, արտացոլված է նաև հիվանդության, վարակի տարածման առանձնահատկությամբ: Իհարկե, հատուկ հետազոտություն պետք է անել, նման կապ տեսնելու համար, սակայն արտաքին դիտարկումներով, օրինակ, նույն իտալացիների դեպքում , հիշում եմ, փետրվարի վերջին, մարտի սկզբին Իտալիայի փողոցներում մարդկանց հետ հարցազրույցներ էին անում, և շատերը պարզապես ծաղրում էին այն զգուշավորությունը, որը կար այլ երկրներում: Հետո տեսանք, որ Իտալիայում երկրաչափական պրոգրեսիայով դեպքերը սկսեցին աճել: Նաև շատ տարբեր է կարանտինի պայմաններում մարդկանց վարքագիծը: Իտալացիներն իրենց պատշգամբներից երգում են, իսկ Գերմանիայում, օրինակ, երբ մեկը փորձեց երգել, հարևանները միանգամից նրան սաստեցին: Մարդիկ տարբեր բնավորություն ունեն: Սա սոցիալական տարածության մշակույթի ևս մեկ ցուցիչ է:

Հայաստանում միջին վիճակ է: Բազմաշերտ է հասարակությունը: Կան, պայմանականորեն, գերմանացիներ՝ ավելի ռացիոնալ դատողական մոտեցում ունեցողներ, պայմանականորեն՝ իտալացիներ, ավելի իռացիոնալ մոտեցումներով: Մեզ մոտ այս իրավիճակում գործում է «Մկների ժողով»-ի հայտնի միտքը, թե  «Էս մեր ազնիվ ցեղը էսպես կորչելու» է: Կա այս վախը, ինչը ստիպում է իռացիոնալ մտածող շատերին, ինչ-որ զգուշավորություն ձեռնարկել:

 

Հարցազրույցն՝ ամբողջությամբ, կարող եք լսել այստեղ