Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Վիրուսը չի գնալու, բնակչության 70-80 տոկոսն այս վարակով կանցնի. առողջապահության նախկին նախարար (տեսանյութ)

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը գտնում է, որ նոր կորոնավիրուսն ավելի դանդաղ ընթացող և քիչ վարակող տեսակ է: Բայց նաև հավելում է, որ այն շուտ չի անցնի, և բնակչության 70-80 տոկոսը այս վարակով կանցնի:

«Կլինեն թեթև դեպքեր, ծանր դեպքերը չեն գերազանցի մեկ-երկու տոկոսը»,- հավելում է նա:

Նախկին նախարարը նաև գտնում է, որ վարակվածների ներկայացվող վիճակագրությունը հեռու է իրական պատկերից, քանի որ շատ դեպքերում վիրուսակիրները չեն էլ զգում որևէ փոփոխություն, վիրուսն անհետևանք է անցնում կամ շատ թույլ ազդեցություն ունենում, և նրանք չեն թեստավորվում:

Նա նաև ասում է, որ շատ չնչին կայունացման միտում կա, եվրոպական երկրներում գոյություն ունեցող վիճակը հուշում է, որ դեռ վաղ է կայունացման մասին խոսելը: «Ոչ մի երկիր պատրաստված չէր այս վիրուսին, այն անակնկալ էր հզորության և այլ առումով: Բայց մեր կառավարության ձեռնարկած քայլերը իրավիճակին համահունչ էին, տեղին էին, ժամանակին են»,- գնահատեց նախկին նախարարը:

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե վերջին օրերին վարակակիրների հայտնաբերման դինամիկան ցույց է տալիս, որ մեկ շաբաթ հետո կարող ենք մտածել սահմանափակումները թուլացնելու և բնականոն կյանքին վերադառնալու հնարավորության մասին, Ա.Մկրտչյանն ասում է, որ դեռ վաղ է այդ մասին խոսելը: «Եթե ունենանք հիվանդության հայտնաբերման կորագծի հարթեցում կամ նվազեցում, կարելի է թուլացնել»,- ասաց նա:

Ա.Մկրտչյանը նաև կոչ արեց չքաղաքականացնել համաճարակը և լսել միայն մասնագիտական հանրության ձայնը: Ընդ որում՝ այն մասնագետների խոսքը, որոնք ունեն այդ ուղղությամբ գիտելիքներ ու աշխատանքային փորձ: