Բացել լրահոսը Փակել լրահոսը
14028-dental-services-in-one-visit-big
A A
Հասարակություն

Ինչպե՞ս են այս օրերին աշխատում ատամնաբուժարանները

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում արտակարգ դրության պայմաններում ատամնաբուժարանները շարունակում են աշխատել, բայց անհետաձգելի դեպքերում։ Առողջապահության նախարարություն,  ինչպես այլ բժշկական հաստատությունների, ատամնաբուժարաններին եւս շրջաբերականներ է ուղարկել և առաջարկել իրականացնել հատկապես անհետաձգելի ծառայությունները, պլանայինները հետաձգել։

Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը։ Ինչպե՞ս են աշխատում ատամնաբուժարանները, պացիենտների թիվը նվազե՞լ է, թե՞ ոչ․ թեմայի շուրջ «Ա1+»-ը զրուցել է մի շարք ատամնաբուժարանների ներկայացուցիչների հետ։

«Համասփյուռ դենտ» ստոմատոլոգիական և կոսմետոլոգիական կլինիկայի տնօրեն Համասփյուռ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միայն անհետաձգելի պայմաններում են աշխատում, իսկ պացիենտներն էլ ավելացել են։

«Հաճախումներն ավելի շատ է, քան նախորդ օրերին, որովհետև շատ ստոմատոլոգիաներ փակ են։ Սուր դեպքերը շատ են։ Մուտքի մոտ բոլորին բախիլներ ենք տալիս, ձեռքերն ախտահանում, ջերմաչափում, նոր անցնում են առաջ»,- ասաց կլինիկայի տնօրենը։

Ատամնաբուժարանում օրական սուր ցավերով պայմանավորված 10-ից ավելի պացիենտներ են ունենում։ Այսօր՝ ժամը 15։00-ի դրութկյամբ 4 պացիենտ են ընդունել։

Համասփյուռ Հարությունյանը հավելեց, որ լինում են դեպքեր, երբ անվճար են սպասարկում, որովհետև զանգեր են ստանում, թե ուժեղ ցավեր ունեն, բայց գումար չունեն։

«Մենք էլ մեր աշխատանքն ենք անշահախնդիր անում»,- ընդգծեց Համասփյուռ Հարությունյանը։

«Վճարունակ մարդը չի զանգում։ Զանգողները գին են հարցնում, իրենց հարցերից մենք հասկանում ենք, որ գումարի խնդիր ունեն։ 17 տարվա ստաժ ունեցող բժիշկ եմ, մարդկանց արդեն ամեն մի խոսքից հասկանում եմ, վճարունա՞կ են, թե՞ ոչ»,- նկատեց կլինիկայի տնօրենը։

«Դելյուքս» ատամնաբուժական կենտրոնից «Ա1+»-ին փոխանցեցին, որ միայն սուր դեպքերով են պացիենտներին ընդունում, նրանք էլ շատ չեն։

«Զանգում են, հերթագրվում, նոր ատամնաբուժարանը բացում ենք։ Օրն ամենաշատը երկու հոգի ենք ընդունում»,- ասաց բժիշկներից մեկը։