Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ունենք թոքաբորբ ունեցող 146 քաղաքացի․ 8 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

 Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշեց, որ երեկվա դրությամբ ունեցել ենք կորոնավիրուսի ընդամենը 11 նոր հաստատված դեպք, սակայն պետք է շարունակել հետևել կանոններին, որպեսզի թիվը պահպանվի և նվազի:

« Տեմպը կոտրելու մեր բոլորի ջանքերը պետք է կրկնապատկենք, որ կարողանանանք այն շարունակենք պահել այնքան ժամանակ, մինչև վստահ լինենք, որ լայնածավալ տարածման  վտանգ չկա: Կոչ եմ անում հետևել պարետի ցուցումներին և տնից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում: Երեկ ես նշել էի, որ մեր մոտ կրկնապատկման արագությունը 7 օրը մեկ է, բայց այժմ կարող եմ ասել՝ այսօր ունենք 8 օրը մեկ կրկնապատկման տեմպ»: 

Արսեն Թորոսյանը նշեց, որ այս պահին ունենք 1 400 հատուկ  մահճակալային ֆոնդ, միայն կորոնավիրուսային հիվանդության համար, որից կեսը զբաղված է: Այն պացիենտները, որոնք թեթև գանգատներ ունեն, գտնվում են  հյուրանոցում՝ բժիշկների սկողության ներքո:

«Պացիենտների մեծ մասը ջերմություն չունի, բայց ունենք թոքաբորբ ունեցող 146 քաղաքացիներ և ծանր վիճակում գտնվող մոտ 35 հոգի, նրանք վերակենդանացման բաժնում չեն, սակայն թթվածնի կարիք ունեն, ինչը հիվանդանոցում ստանում են։ Ունենք ծայրահեղ ծանր 8 հոգի: Ունեցել ենք մահ ցավոք սրտի, 68-ամյա կին, որը ուներ քրոնիկ հիվանդություններ, և չի հաջողվել նրա կանքը փրկել»:

Նախարարը նշեց, որ այս պահին մեկուսացման վայրում է գտնվում 1500 քաղաքացի։