Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները և այլ կրոնների հետևորդները տարեկան 4 օր կունենան՝ նշելու իրենց ազգային և այլ տոները (տեսանյութ)

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց հնարավորություն տալ տարվա մեջ 4 օր (չվճարվող արձակուրդ) մասնակցել իրենց կրոնական, ազգային, մշակութային, ինչպես նաև պատմական տարեթվերին։

Նախագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանի համոզմամբ՝ այս օրինագծով հնարավորություն է տրվում, որպեսզի ազգային փոքրամասնությունն ավելի մոտ լինի իրենց ինքնությանը։ Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե խոսքը ո՞ր տոների մասին է, ի պատասխան Ռուստամ Բաքոյանն ասաց, որ Հայաստանում 11 ազգային փոքրամասնություն կա, և հստակ նշել, որ կոնկրետ օրեր կան, չի կարող։

Նա օրինակով բացատրեց, թե որ դեպքում ազգային փոքրամասնության ներկայացուցչին կարող են արձակուրդ տալ։

«Եզդիների պարագայում ապրիլի 15-ին Նոր տարի է, հետևաբար այս նախագծով կարգավորում է այն, որ ապրիլի 15-ին այն եզդիները, որոնք աշխատում են, հնարավորություն կունենան մասնակցել իրենց Նոր տարուն»,- պարզաբանեց Ռուստամ Բաքոյանը։

Կառավարությունը առաջարկություններ է արել։ Մասնավորապես՝ առաջարկում են հանել «ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց» բառերը, որպեսզի նախատեսվող կարգավորումը չտարածվի միայն ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց վրա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարող են լինել այլ կրոնի հետևորդներ, որոնց մեծամասնությունը հնարավոր է չհանդիսանա Հայաստանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ (օր.՝ հինդուիզմ, բուդդայականություն և այլն):

Գործադիրն առաջարկում է նաև կիրառել ոչ թե «պատմական տարեթվեր», այլ «հիշատակի օրեր» ձևակերպումը՝ հաշվի առնելով, որ նման հասկացություն սահմանված չէ, և տվյալ եզրույթը բավականին ընդգրկուն է այն առումով, որ որևէ ազգի պատմության մեջ տեղի ունեցած ցանկացած իրադարձություն ինքնին պատմական տարեթիվ կարող է համարվել:

Կառավարության երրորդ առաջարկությունն այն է, որ արձակուրդի տրամադրման համար գործատուն կարող է գրավոր պահանջել աշխատողից գրավոր հիմնավորում։ Այս առաջարկությունը Ռուստամ Բաքոյանը համարում է ավելորդ թղթաբանություն։

Նա առաջարկեց հանել այդ դրույթը, սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանն նշեց, որ եթե այդ ձևակերպումը չլինի, ապա կստացվի, որ երբ աշխատողը ցանկանա, իրեն արձակուրդ կտրամադրվի։

Ռուստամ Բաքոյանը Կառավարության բոլոր առաջարկություններն ընդունեց։

Օրինագիծը առաջարկվող փոփոխություններով հանդերձ դրվեց քվեարկության, հանձնաժողովն այն ընդունեց։