Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահմանադրական դատարան
A A
Քաղաքականություն

Այսօր պետք է տեղի ունենար Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

Ապրիլի 5-ին՝ Ծաղկազարդի տոնի օրը, Հայաստանի Հանրապետությունում պետք է տեղի ունենար Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։

Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագծով իշխող ուժն առաջարկում էր դադարեցնել մինչև 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով դատավոր (անդամ) նշանակված (1995-ի Սահմանադրությամբ) և ընտրված (2005-ի Սահամանդրական փոփոխություններով)  դատավորների լիազորությունները։

Դատավորներն են՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը (ընտրվել է 2005 թ․ ՍՓ-ով 2018-ին Ազգային ժողովի կողմից), ՍԴ դատավորներ՝ Հրանտ Նազարյանը (1996-ին, 1995-ի Սահմանադրությամբ), Ֆելիքս Թոխյանը (1997-ին 1995-ի Սահմանադրությամբ)․ երկուսն էլ նշանակվել են Հանրապետության նախագահի կողմից, Ալվինա Գյուլումյանը (2014-ին 2005-ի ՍՓ-ով), Արայիկ Թունյանը (2014-ին 2005-ի ՍՓ-ով), Աշոտ Խաչատրյանը (2010-ին 2005-ի ՍՓ-ով), Արևիկ Պետրոսյանը (2010-ին 2005-ի ՍՓ-ով)․ ընտրվել են ԱԺ-ի կողմից։ Վերոնշյալ դատավորներն ընտրվել են մինչև գործող Սահմանադրության 7-րդ գլխի (Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը) ուժի մեջ մտնելը։

Օրինագիծը չի վերաբերում 2015 թվականի ՍՓ-ով ընտրված 2 դատավորին․ Արման Դիլանյան (ընտրվել է ԱԺ-ի կողմից 2018 թ․) և Վահե Գրիգորյանին (ընտրվել է 2019 թ. ԱԺ-ի կողմից)․ նրանք դատավոր են ընտրվել գործող Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո։

Սահմանադրության 16-րդ գլխի (Եզրափակիչ և անցումային դրույթներ) 213-րդ հոդվածի համաձայն՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը:

Իշխող ուժը Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հիմնավորել էր հետևյալ կերպ․ ՍԴ-ի գործող կազմի պահպանման դեպքում 2015 թվականի Սահմանադրությամբ ընտրված դատավորների և մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև էական տարբերություն կա, քանի որ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, իսկ նախկինում նշանակված անդամները, որոնք նշանակվել են 1995 թվականի Սահմանադրությամբ, պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը լրանալը, իսկ 2005 թվականի ՍՓ-ով նշանակվածները՝ մինչև 65 տարեկանը լրանալը:

Հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ձևավորվել էր երկու ճամբար՝ դատավորների լիազորությունների դադարեցմանը «կողմ» և «դեմ», համապատասխանաբար՝ «Այո» և «Ոչ»։ «Այո»-ի կողմնակիցներին անհրաժեշտ էր մոտ 650 հազար ՀՀ քաղաքացիների «այո» քվեն՝ փոփոխությունները կյանքի կոչելու և հիշյալ դատավորների լիազորությունները դադարեցնելու համար։

«Այո» քարոզողները պնդում էին, որ գործող ՍԴ-ն չի վայելում ժողովրդի վստահությունը, անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը վայելող դատարան, նոր ՍԴ ձևավորելու հանրային պահանջ կա, հանրաքվեն դիտարկում էին որպես  2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների (հայտնի է նաև «Թավշյա հեղափոխություն» անվանումով) շարունակություն՝ կոչ անելով ««այո» ասել հեղափոխությանը»։

«Ոչ»-ի ճամբարը բաղկացած էր իրավաբաններից, նրանք հանրաքվեն ապօրինի էին համարում՝ պատճառաբանելով, որ անցումային դրույթները չի կարելի փոփոխության ենթարկել ուժի մեջ մտնելուց հետո, բացի այդ՝ մինչև հանրաքվեի նշանակումը, (հանրաքվեն նշանակելու հրամանագիրը ստորագրվել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից փետրվարի 9-ին) այն պետք է ուղարկվեր ՍԴ՝ դրա վերաբերյալ որոշման համար, սակայն այն չէր ուղարկվել իշխող ուժի կողմից։ «Ոչ»-ի ճամբարը նաև հայտարարել էր, որ մասնակցում է քարոզարշավի, ընտրությունների ընթացքին հետևելու և ընթացքի վերաբերյալ դիտարկումներ անելու համար։

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստան»-ը և «Բարգավաճ Հայաստան»-ը, չէին մասնակցում հանրաքվեին՝ այն համարելով ապօրինի։ Բացի այդ՝ ձևավորվել էին այլ նախաձեռնություններ, այդ թվում՝ կային գործող կուսակցություններ, որոնք կոչ էին անում բոյկոտել հանրաքվեն՝ այն համարելով ապօրինի և «որ իշխանությունները ժողովրդին տանում են հանցագործության»։

Սակայն կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID19) պայմանավորված՝ Հանրապետության ամբողջ տարածքում (2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ը ներառյալ) հայտարարվեց արտակարգ դրություն. օրենքի ուժով հանրաքվեն չեղարկվեց։

Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:

«Հանրաքվեի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 6-րդ հոդված 1-ին մասի համաձայն՝ հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից։

«Հանրաքվեի մասին» օրենքի հոդված 6-ի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեի գործընթացն սկսելուց հետո, սակայն մինչև Հանրապետության նախագահի կողմից հանրաքվե նշանակելը, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են և վերսկսվում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո:

Նույն օրենքի՝ հոդված 12-ի 5-րդ մասի համաձայն՝ նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում: