Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff
A A
Սպորտ

ՀՖՖ-ն բավարարել է լուծարված «Երևան» ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների բողոքը

Հայաստանում արտակարգ դրության պայմաններում այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Կոմիտեն քննարկել է  ՈՒԵՖԱ-ի 55 անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների՝ նախօրեին տեղի ունեցած տեսակոնֆերանսի արդյունքները և ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները, ինչպես նաև մարտի 30-ի դրությամբ հայկական ակումբներում տիրող իրավիճակը՝ ըստ վերջիններիս կողմից լրացված հարցաթերթիկների:

ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի կողմից մշակվող սցենարների կոնտեքստում Գործադիր կոմիտեի անդամները քննարկեցին ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման ՀՖՖ աշխատակազմի կողմից մշակված երեք հնարավոր սցենարները և ժամկետները: Մասնավորապես, դիտարկվեցին ՀՀ առաջնությունների վերսկսման հետևյալ հնարավոր ժամկետները՝ մայիսի սկիզբ, հունիսի սկիզբ և հունիսի վերջ՝ կախված ՀՀ տարածքում Արտակարգ դրության հնարավոր ավարտից կամ վերջինիս ժամկետների հնարավոր երկարացումից:

ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեի անդամներին ներկայացրեց ակումբների կողմից ստացված հարցաթերթիկների ամփոփ պատասխանները և ակումբներում տիրող ընդհանուր իրավիճակը: Այս շրջանակներում քննարկվեցին ակումբների և ֆուտբոլիստների միջև պայմանագրային, իրավական, ֆինանսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Հիմք ընդունելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից այս հարցերի վերաբերյալ շրջանառած խորհրդատվականները՝ կոմիտեն որոշում կայացրեց ակումբներին տրամադրել ՖԻՖԱ-ի համապատասխան կանոնակարգերից և ազգային օրենսդրությունից բխող իրավահարաբերությունների կանոնակարգման վերաբերյալ համապատասխան խորհրդատվական:

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը և VBET Գավաթի խաղարկությունը հետաձգվել են, և այս պահին ՀՖՖ-ն չի կարողանում իրականացնել Բարձրագույն խմբի առաջնության և VBET Գավաթի խաղարկության հովանավորների նկատմամբ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, այնուամենայնիվ, ՀՖՖ նախագահի առաջարկով Գործադիր կոմիտեն որոշեց VBET Գավաթի խաղարկության մասնակից բոլոր ակումբներին փոխանցել VBET Գավաթի խաղարկության հովանավորչական պայմանագրերով նախատեսված գումարները՝ ընդհանուր առմամբ 20.500.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ակումբին այս պահի դրությամբ խաղարկությունում մասնակցած փուլերի չափաքանակով:  ՀՖՖ նախագահի մեկ այլ առաջարկով Գործադիր կոմիտեն որոշեց ակումբներին փոխանցել նաև Բարձրագույն խմբի հովանավորչական և կենտրոնացված հեռարձակման պայմանագրերով նախատեսված գումարների երկրորդ մասը՝ յուրաքանչյուր ակումբին 3.500.000-ական դրամ (երկու փոխանցումների մասով էլ բացառություն կկազմի «Երևան» ՖԱ, որի հասանելիք գումարները կփոխանցվեն ակումբի այն ֆուտբոլիստներին և աշխատակիցներին, ովքեր բողոք էին ներկայացրել ՀՖՖ ակումբի նկատմամբ՝ որպես  չստացված աշխատավարձերի մի մասի փոխհատուցում):

Գործադիր կոմիտեի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ապրիլի կեսերին, երբ առաջնությունների վերսկսման հնարավոր ժամկետների և ՈՒԵՖԱ-ի համապատասխան աշխատանքային խմբերի կողմից մշակվող սցենարների վերաբերյալ կլինի ավելի որոշակի հստակություն: