Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Զինվորին բանակ ուղարկելուց հետո ծնողը նրա հետևից չպետք է սնունդ ուղարկի․ վարչապետ

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 21-ի N 152-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին հարցին, որով առաջարկվում է հնարավորություն ընձեռել ԶՈՒ-ի սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացն իրականացնել կանխավճարը տրամադրելու միջոցով՝ կազմակերպությունների կողմից կանխավճարի ապահովման բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում։

«Կանխավճարների մարումներն իրականացվելու են ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից 10%-ի չափով նվազեցնելու միջոցով:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է սննդի մատուցման գործընթացում կնքված պայմանագրերով նախատեսված, և կազմակերպությունների կողմից ծառայութնների ապահովման նպատակով, այլ ծախսերի կատարման պատճառով կազմակերպությունների մոտ առկա ֆինանսական բնույթի, ինչպես նաև ներկայումս կորոնավիրուսի համաճարակից բխող սահմանափակումների հետ կապված դժվարությունները հաղթահարելու հանգամանքով»,- զեկուցեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ըստ նրա՝ նախարարության կողմից կազմակերպությունների առջև պայմաններ են դրվել, որոնցից մեկը որոշ սննդամթերքի երկարաժամկետ պահուստների ստեղծումն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ վերջին ժամանակահատվածում կարևոր նորամուծություններից մեկը ԶՈՒ-ում սննդի ապահովման նոր համակարգն է, որը Կառավարության քաղաքական պարտավորությունների մեջ է տեղավորվում։

Ըստ վարչապետի՝ զինվորին բանակ ուղարկելուց հետո ծնողը նրա հետևից չպետք է սնունդ ուղարկի։

«Սննդի որակը էական փոխվեց, բայց երբ առաջին անգամ այս նախագծի ներդրման նպատակահարմարության հարցն էինք քննարկում, գիտեինք, որ մտնում ենք մութ անտառ, որտեղ շատ պարամետրեր ի սկզբանե հայտնի ու կանխատեսելի չեն։ Խոսքն այն մասին էր, որ համակարգը զրոյից պետք է ստեղծեինք։ Մենք պայմանավորվել ենք, որ համբերատար պետք լինենք և չխուսափենք հարցեր առաջադրելուց։ Վերջին մեկ ամսվա ընթացքում 4 քննարկում ենք ունեցել Կառավարության և շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ և փորձում ենք կետ-կետ առանձնացնել այն հարցերը, որոնք ծագում են»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ քննարկումների արդյունքում պրոբլեմներ են բարձրաձայնվել բոլոր կողմերից, սակայն պայմանավորվել են, որ համբերատար պետք է բոլոր հարցերը լուծեն՝ չմոռանալով հիմնական շահառուին՝ զինվորին։