Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 2-ը Ապրիլի. Ուզբեկստանի ճանապարհին Ռ. Քոչարյանը որոշեց «Ա1+»-ի ճակատագիրը (տեսանյութ)

1998-ի ապրիլի 2-ին նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանը հայտնում է իր կասկածը նախագահի ընտրությունների օրինական ընթացքի մասին։ Ամփոփված արդյունքներն իրական պատկերը չեն։ Սակայն ինքը ժողովրդին փողոց հանող չէ, մնալու է քաղաքականության մեջ եւ պայքարելու է Սահմանադրության շրջանակներում։

2002-ի այս օրը պատմական է Հայաստանի եւ մամուլի ազատության համար՝ եթերազրկվում է «Ա1+» հեռուստաընկերությունը։ Ռոբերտ Քոչարյանի նշանակած Հեռուստատեսության եւ ռադիոյի անկախ հանձնաժողովը «Ա1+»-ի զբաղեցրած 37-րդ կապուղին տալիս է ժամանցային ծրագրերի մեջ մասնագիտացած «Շարմ» ընկերությանը։

Նախորդ օրն արդեն «Ա1+»-ի եթերից տարբեր քաղաքական գործիչներ խոսում էին, որ հեռուստաընկերությանը եթերազրկումը կսպառնա խոսքի ազատությանը։ Իսկ նույն օրն առավոտյան, երբ դեռ չէր եթերազրկվել «Ա1+»-ը, Ուզբեկստան մեկնելու ճանապարհին՝ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում է Ամալյանի հանձնաժողովի դեռեւս չկայացրած որոշումը՝ մինչեւ հիմա 37-րդ կապուղին տնօրինում էր «Ա1+»-ը, հիմա կտնօրինի մեկ ուրիշը։ Քոչարյանը այդ օրերի հասարակական աղմուկը չի հասկանում՝ իր 5 տարի նախագահելու ժամկետն էլ է ավարտվում, բայց ինքը դրա համար աղմուկ չի բարձրացնում։

Ռոբերտ Քոչարյանը դեռ Միջին Ասիայում էր, երբ «Ա1+»-ը եթերային զարկերակի վերջին շնչում էր։

Ահա այսպես 37-րդ կապուղուց անհետացավ «Ա1+» հեռուստաընկերությունը։ Եթերազրկման հաջորդ օրերին մայրաքաղաքում տեղի էին ունենում խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված հանրահավաքներ։

Միջազգային կառույցները հայտարարեցին, որ Հայաստանը վտանգավոր ճանապարհ է մտնում ազատ խոսքի վրա ձեռք բարձրացնելով։

17 պատասխանատու լրատվամիջոց հայտարարեց, որ «Ա1+»-ի եթերազրկումով Հայաստանում խոսքի ազատությանը ոչինչ չի սպառնում։

Եթերազրկումից հետո «Ա1+»-ը տարբեր տարիներին մասնակցեց կապուղիների 13 մրցույթի եւ ոչ մեկում չհաղթեց։ Գործը հասավ Եվրոդատարան։ Այստեղ վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, ընդունեցին, որ «Ա1+»-ի եթերազրկումով եւ եթեր վերադառնալու հետագա խոչընդոտներով Հայաստանում խախտվել է խոսքի ազատության իրավունքը։ Ի դեպ, տեր դառնալով 37-րդ կապուղուն, կարճ ժամանակ հետո «Շարմ» հոլդինգը ազատվեց իր իսկ հիմնած «Կենտրոն» հեռուստաընկերությունից, որը պետք է լիներ մի ուրիշ հեռուստաընկերություն։

2004-ի ապրիլի 2-ը ողբերգական օր էր։ Երեւանի կենտրոնից դեպի Նորք բարձրացող ճոպանուղու վագոնը 15 մետր բարձրությունից ընկնում է Ամառանոցային փողոցի առանձնատներից մեկի բակի տարածքում: Վագոնի 11 ուղեւորներից երկուսը տեղում մահացել են, մեկ այլ ուղեւոր մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, չորրորդը՝ հիվանդանոցում: