Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Տեխնիկապես հնարավորություն չի տալիս քաղաքացիների զանգերը գաղտնալսել․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

«Նախագիծը որևէ կերպ գաղտնալսման կամ տեղեկությունների բացահայատման մասին չէ»-կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում, անդրադառնալով մարդկանց տեղաշարժը, հեռախոսազանգերի շրջանակը հասանելի դարձնելու՝ աղմուկ բարձրացրած նախագծին, հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Բադասյանը վստահեցրեց՝ նախագիծը տեխնիկապես հնարավորություն չի տալիս քաղաքացիների զանգերը գաղտնալսել:

Նաև տեղեկացրեց, որ սահմանափակումները գործելու են համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում.

«Բոլոր տվյալները ենթակա են ոչնչացման համապատասխան միջոցառման ավարտից հետո»:

Նախարարի խոսքով՝ նախագծի նպատակն է կոտրել վարակի տարածման հնարավոր շղթաները, քանի որ Առողջապահության նախարարը երեկ տվյալներ հրապարակեց, թե գործող սահմանափակումների պարագայում՝ ինչ զարգացում  կունենանք․ այն ցույց է տալիս, որ 7 օրը մեկ վարակակիրների շղթան պետք է կրկնապատկվի.

«Մենք ասում ենք, որ զանգելու փաստը և միևնույն տեղանքում հայտնվելը, որը տեղորոշման միջոցով է իրականացվում, ավտոմատ համակարգը միանգամից այդ երկու տվյալները  համադրում է, և եթե զանգի հասցեատերերի հետ իրենք մի տեղակայման վայրում պարբերաբար հայտնվել են, սա նշանակում է ռիսկի գործոն, ինչ հիման վրա ավտոմատացված համակարգը բերում է  տեղեկությունները»:

 Նախարարի խոսքով՝ եթե հիմա վարակակիրը շփվել է 10 անձանց հետ և նոր է թեստավորվում, բայց արդեն վարակել է, օրինակ հինգ մարդու, այդ հինգ անձինք կիմանան, որ իրենք պոտենցիալ վարակված են, երբ վարակողի թեստի արդյունքը լինի.

«Այս նախագծով անմիջապես ավտոմատացված տվյալների հիման վրա կբերվեն տեղեկատվություններ, և այդ հինգ անձինք միանգամից կտեղեկացվեն, որ հնարավոր է՝ իրենք վարակվել են, կկիրառվի մեկուսացման, ինքնամեկուսացման սահմանափակումներ, այսինքն՝  իրենց հարազատների հետ չեն շարունակի շփումները, և շղթան կկոտրվի»:

Բադասյանը վստահեցրեց, որ միջամտությունները հետապնդում են իրավաչափ նպատակ, արդարացված են և կբերեն ցանկալի արդյունքի: 

Ըստ նրա՝ սա ցույց է տվել նաև միջազգային փորձը:

«Եթե լինի մեկ զանգ, և մեկ տեղակայման վայրի համընկնում, արդեն ԱԻՆ-ի աշխատակիցներից կլինի զանգ»: 

Հարցին, թե ո՞րն է քաղաքացու երաշխիքը, որ հավաքագրված տվյաները մեկ ամսում կոչնչացվեն, նախարարն ասաց, որ պետք է ոչնչացվի, որովհետև նախատեսված է օրենքով, և բացի այդ հավաքագրված տվյալները պահպանելու  որևէ մոտիվացիա չի կարող լինել. 

Նախարարը նաև հարց բարձրացրեց, թե քաղաքացիները որքանո՞վ են վստահ, որ արտահոսքեր, օրինակ, օպերատորներից չեն լինի:

«Ես կարծում եմ, որ չեն լինում արտահոսքեր, առավել ևս չեն լինի, երբ դա պետական մարմնի կողմից է օգտագործվում համաճարակի դեմ պայքարի շրջանակներում»:

Նախարարը տեղեկացրեց, որ տվյաներին հասանելիություն են ունենալու սահմանափակ թվով մասնագետներ, հետո առաջնային ինֆորմացիան փոխանցվելու է ԱԻՆ-ին, ոստիկանությանը, կամ այլ պետական մարմնի աշխատողների, ովքեր կատարելու են զանգերը և քաղաքացու հետ մեկուսացման, ինքնամեկուսացման աշխատանքները:

Հարցին, թե նախատեսե՞լ են այն սցենարը, որ հնարավոր է՝ քաղաքացիները օգտվեն շփման  այլ հարթակներից, նախարարն արձագանքեց.

«Ես մեր բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կարևորել իրենց , իրենց հարազատների և առհասարակ ՀՀ բոլոր քաղաքացների առողջությունը, և որևէ կերպ չփորձել խուսափել դրանից»: