Բացել լրահոսը Փակել լրահոսը
gaz
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը ցանկանում է թանկացնել գազի գինը` 100.000-ից դարձնելով 135. 909 դրամ

«Գազի գինը ոչ թե բարձրացնելու, այլև իջեցնելու ելքեր պետք է գտնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից գազի գնի փոփոխության մասին հայտարարությանը:

Երեկ ընկերությունը հայտարարություն է տարածել, թե մտադիր է գազի սակագինը վերանայելու հարցով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Հանձնաժողովից «Ա1+»-ին տեղեկացրեցին, որ իրենք նույնպես ծանոթ են այդ հայտարարությանը, սակայն հայտը դեռ չեն ստացել: Իսկ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է 2020թ. հուլիսի 1-ից բնական գազի բոլոր սպառողների համար սահմանել նոր սակագին` բացառությամբ էլեկտրաէներգիա արտադրող ջերմային էլեկտրակայանների, որոնց համար նոր գինը սահմանվի օգոստոսի 1-ից:

Եվ այսպես` «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի համար գինը բարձրացնել և յուրաքանչյուր 1000 խմ համար գործող 100 000 դրամը դարձնել 135 909 դրամ, այսինքն՝ թանկացնել մոտ 36 տոկոսով: Առաջարկում է ջերմոցների համար նոյեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը գազի սակագինը նվազեցնել մոտ 4000 դրամով` 139 000 դրամից դարձնելով 135 909.6 դրամ:

Մ. Մելքումյանն առաջարկում է ռուսական կողմի հետ բանակցել, որպեսզի գազի գինը ոչ թե ֆիքսված լինի, այլև հաշվարկվի համապատասխան բանաձևով` պայմանավորված տարբեր հանգամանքներով, այդ թվում` նավթի գնով: Երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Իսկ ավելի վաղ հաղորդագրություն տարածվեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ժամանակ երկու երկրների ղեկավարները նշել են, որ «ՌԴ-ից մատակարարվող գազի գները գերագնահատված են, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում համաշխարհային չափանիշներին և ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակին»:

Բայց այստեղ կա մի հետաքրքիր հանգամանք` դեռ հայտնի չէ, ռուսական կո՞ղմն է գազի գնի բարձրացման այդ հայտարարությունն արել` իմանալով ՀՀ ղեկավարների այս քայլերի մասին, թե՞ հակառակը` ՀՀ ղեկավարները նման քայլի են գնացել` իմանալով, որ «Գազպրոմ Արմենիան» պատրասվում է թանկացման հայտ ներկայացնել: Եվ չի բացառվում, որ ռուսական կողմը այդպես էլ գազի գինը բարձրացնելու հայտ չներկայացնի, քանի որ նավթի համաշխարհային գների անկման և ճգնաժամային այս պայմաններում դա անտրամաբանական է: Եվ իր այդ հայտարարությամբ գազային մահակը հերթական անգամ ճոճում է ՀՀ վրա:

Այնուամենայնիվ Մ.Մելքումյանը գտնում է, որ ամեն դեպքում անհրաժեշտ է գազի գնի շուրջ բանակցություններն այնպես վարել, որ առանցքում լինի ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձևավորման արագացումը: «Բա էլ որ օրվա համար է այդ միության առաքելությունը»,- հարցնո՞ւմ է պատգամավորը:

Պատգամավորը գտնում է, որ չի կարելի թույլ տալ, որ բնակչության համար ավելանա գազի գինը: Հատկապես, որ նոր կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամի պայմաններում կառավարությունը մտածում է, թե ինչպես սուբսիդավորի բնակիչների որոշ խոցելի խմբերին: Իսկ կառավարությանը նա առաջարկում է սահմանին չգանձել ավելացրած արժեքի հարկը և այդպիսով աջակցի բիզնեսին: Մ.Մելքումյանը նաև հույս ունի, որ ՀԾԿՀ կմերժի «Գազպրոմ Արմենիայի» այդ հայտը և խնդիրը կդիտարկի` ելնելով ճգնաժամային իրավիճակից:

Բայց չէ որ ռուսական կողմը գազը քաղաքական ապրանք է համարում և երկրների հետ ունեցած հարաբերություններով է պայմանավորում գազի գին:

Հիշեցնենք, որ 2018թ. հեղափոխությունից հետո ՌԴ-ն 15 դոլարով թանկացրեց Հայաստանին մատակարարվող գազը` 150 դոլարից դարձնելով 165 դոլար: Այդքան էժանացրել էր 2016թ., երբ ՀՀ վարչապետ նշանակվեց  «Գազպրոմ Արմենիայի» նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը: Բացի այդ ՌԴ-ն մի քանի անգամ չի թանկացրել գազի գինը քաղաքական կամ տնտեսական զիջումներ կորզելով մեր երկրից: Հնարավո՞ր է, հիմա նույնպես նման զիջումներ պահանջի:

«Մեր ռազմավարական դաշնակիցն է, ի՞նչ զիջում: Որևէ բան չպետք է առևտրի առարկա դառնա»,- եզրափակեց Մ.Մելքումյանը: