Բացել լրահոսը Փակել լրահոսը
սահման
A A
Քաղաքականություն

Եթե թիրախավորվում է խաղաղ բնակավայրը, ուրեմն նպատակային է արվում ․ ՊՆ մամուլի խոսնակը՝ երեկվա ադրբեջանական սադրանքի մասին 

Երեկ, ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել։ Հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հակառակորդի գնդակից վիրավորվել էին 2 պայմանագրային զինծառայող, Ոսկևան գյուղից 14-ամյա երեխա։ Երեխան Նոյեմբերյանի բուժեկենտրում կատարված վիրահատությունից հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Բուժկենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանըն  ֆեյբուքյան իր էջում գրել է, որ  վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: 
 
««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում: Երեխան հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր անհրաժեշտ առաջին բուժօգնությունը»,- նշել է Դերձյանը։
 
Վիրավորում ստացած 2 պայմանագրային զինծառայողի վիճակի վերաբերյալ տեղեկանալու համար «Ա1+»-ը կապ հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, մայոր Շուշան Ստեփանյանի հետ։
 
«Նրանց վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում, թեև լուրջ վնասվածքներ են։ Տեղափոխվել են Երևան»,- ասաց Ստեփանյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։    
 
Հարցին, թե ադրբեջանական կողմից վիրավորներ կա՞ն, ՊՆ մամուլի քարտուղարը պատասխանեց, որ այդ տվյալները հիմա ճշտվում են, և եթե օրվա ընթացքում տեղեկություններ լինեն, կհրապարակվեն։
 
Մեզ հետ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասել էր, որ  «այդ պահին եղել են կրակոցներ, ուղղակի մեկ գնդակ (մենք դրան «փախած գնդակ» ենք ասում) հասել է Ոսկևան գյուղի բակերից մեկը, երեխան այնտեղ կանգնած է եղել»։
 
Հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ երեխան է վիրավորում ստացել, մայոր Ստեփանյանը պատասխանեց․ «Չգիտեմ կոնկրետ ինչպես է վիրավորվել, գիտեմ, որ երեխան պատշգամբում է եղել այդ պահին։ Կարծում եմ՝ գյուղի ուղղությամբ կրակոցները չեն կարող պատահական լինել, և եթե երեխա է վիրավորվել, միանշանակ դա պատահական կրակոցի հետևանք լինել չի կարող։ Եթե թիրախավորվում է խաղաղ բնակավայրը, ուրեմն նպատակային է արվում»,- եզրափակեց նա։