Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրաչյա
A A
Քաղաքականություն

Զգոնության կոչ եմ անում` վաղը, կարող է, շատ կարևոր վկայի հետ հաշվեհարդար տեսնեն. Հրաչյա Սարգսյան

Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձություններից  20 տարի անց ՀՀ ԳԱԱ աշխատակից և «Համահայկական միաբանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող Հրաչյա Սարգսյանը հիշում է, որ տարիներ առաջ իրեն մեղադրում էին այդ գործով վկա Սամվել Ստեփանյանի սպանությունը կազմակերպելու մեջ:

Հիշեցնենք, որ Ս.Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվեց և մոտ 15 տարի բանտում պատիժը կրեց Մանախ մականունով հայտնի Արթուր Այվազյանը: Սպանության մեջ մեղադրվում էր նաև Չալավեկ մականունով Մարտիրոս Աճեմյանը: Ա.Այվազյանը մինչ այդ սպանությունը, եղել էր Շմայս անունով հայտնի Առաքել Մովսիսյանի եղբոր` «Ազատամարտիկների եւ կին վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Միհրան Մովսիսյանի  թիկնապահը: Հրաչյա Սարգսյանն էլ եղել է այդ ՀԿ-ի փոխնախագահը:

«2002թ. գարնանը ես` լինելով այդ ՀԿ-ի փոխնախագահը, հրավիրվել եմ Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն: Սկզբում ինձ որպես վկա էին հարցաքննում, բայց ընթացքում պարզվում է, որ կազմակերպիչն եմ: Գլխավոր դատախազության հատուկ կարևորագույն գործերով քննիչ կար` Բագրատ Պետրոսյան, նա էր քննությունը վարում: Երբ նա ներկայացրեց, որ ես եմ սպանության գլխին կանգնած, իմ զարմանքը նրան շատ զարմացրեց: Ես նրան ասեցի, որ սխալ հասցեով է եկել, իրեն սխալ է պահում և իրավունք չունի վիրավորելու ինձ և նման մեղադրանք ներկայացնելու: Բագրատ Պետրոսյանը ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանի եղբայրն է: Նա հետո հարցերը շարադրեց թղթի վրա ու հեռացավ, վերադարձավ 8 ժամ հետո և ստացավ իր հարցերի պատասխանը: Հետո լրատվամիջոցներն էլ հրապարակում էին, որ այդ մարդկանց սպանություններն իբր կատարվել են այն նկատառումով, որ Հոկտեմբերի 27-ի կարևորագույն վկաների շրջանը փակվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Հրաչյա Սարգսյանը:

Շարունակելով իր միտքը` Հ.Սարգսյանը ուշադրություն հրավիրեց նաև այն փաստի վրա, որ իբրև Հոկտեմբերի 27-ի կարևորագույն վկայի սպանության հետ Մանախի միջոցով իրեն կապելու փորձերը, նույնքան մտահոգիչ են, որքան 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը այդ անձին ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի դեմ հանելով` ինչ որ նպատակներ ծրագրելը: Այդ միջադեպի հետ կապված քրգործի դատաքննության ժամանակ որպես վկա հարցաքննվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հ.Սարգսյանը նաև ենթադրում է, որ Սամվել Ստեփանյանի սպանությունը կազմակերպելու մեջ իրեն կասկածել են հավանաբար այն պատճառով, որ նախկինում «Դաշնակցություն» կուսակցության անդամ է եղել: «ՀՅԴ-ից հեռացվել եմ 1993թ. վերջին, դրանից մեկ տարի հետո նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այդ կուսակցությունը տեռորիստական կազմակերպություն է: Գուցե դա է մարդկանց բերել այն մտքին, որ Հ.Սարգսյանը հարմար թեկնածու է այդ սպանության հետ կապելու համար»,- հավելում է նա:

Իսկ ինչո՞ ւ է Հ.Սարգսյանը հիշեցնում Ս.Ստեփանյանի սպանությունը: «1995թ. իմ գիտական գործունեությունն ընդհատվեց շատ անհասկանալի պատճառներով: Իմ գիտական հետաքրքրություններն առնչվում էին նաև ճառագայթային բժշկության կարևորագույն կիրառական խնդիրներին՝ ես, իմ գործընկերների հետ մշակել ու զարգացնում էինք իոնիզացնող ճառագայթային էներգիայի ազդեցության վաղ ախտորոշման բարձր տեխնոլոգիական արագագործ մեթոդ, ինչն արդիական էր հատկապես Չեռնոբիլյան աղետից հետո վերականգնողական միջոցառումների ընթացքում առաջ եկած բարդությունների ֆոնին:  Բայց, ինչպես ասում են, հավանաբար ինչ-որ մարդկանց ծրագրերի մեջ էր մտնում պարզապես խանգարել իմ գիտական առաջընթացին, ինչի մասին այս պահին չեմ ցանկանում խոսել:

Անցել է 25 տարի, այսօր ցավով պիտի փաստենք, որ ավելի քան 6 տասնամյակ ռադիացիոն կենսաբանության հիմնախնդիրներով զբաղվող գիտական կենտրոնը,  որտեղ ես աշխատել եմ 1988-1995 թթ.  հաջողությամբ ոչնչացվեց: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանը հանդիսանում է ատոմային էներգետիկա ունեցող երկիր, իսկ 2011 թ. Ֆուկոսիմայի ԱԷԿ-ի վթարը նույնպես վկայում է, որ Հայաստանն իրավունք չունի անտարբեր մնալ Ճառագայթային բժշկության կիրառական հիմնախնդիրների հանդեպ: Եվ ընդհանրապես, այս բարդ ու լարված շրջանում, երբ կորոնավիրուսի համաճարակը ձեռնոց է նետել մարդկությանը և հակահամաճարակային զանգվածային բնույթ կրող միջոցառումները հաճախ կանգնում են տեխնիկական խնդիրների առաջ, հարկ եմ համարում համապատասխան ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել հարցին, որ նրանք պարտավոր են հաշվի նստել ՀԱԷԿ-ի գոյության փաստի հետ ու անտարբեր չնայել, թե ինչպես է ոչնչացվում մի կարևորագույն գիտական ուղղություն:

2010թ. հարկադրված ընդմիջումից հետո ես վերադարձա գիտություն` ֆիզիկոս եմ, իմ աշխատանքները վերաբերում են ատոմային էներգետիկայի ռեաբիլիտացիոն հիմնախնդիրներին: Դա բժշկական ֆիզիկայի բնագավառ է: Եվ ինձ համար զարմանալի պարզվում է, որ ես կարող է ինչ-որ կերպ կապված լինեմ ռուսական հատուկ ծառայությունների նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի պատմության հետ, որը ռադիոակտիվ նյութերով թունավորվեց Լոնդոնում: Իսկ իմ կողմից զարգացված դիագնոստիկայի մեթոդը առնչվում էր նաև ճառագայթային ախտահարման փաստի ախտորոշման հետ: Եվ ի նկատի ունենալով նաև Լիտվինենկոյի թունավորման պատմությունն ու հոկտեմբերի 27-ի հետ իմ անձը կապելու փորձերը ունեցել են երկու շարժառիթներ. ես նախկինում եղել եմ ՀՅԴ անդամ, և իմ գիտական գործունեությունը առնչվում է ռադիոակտիվ աղբյուրների միջոցով կենդանի օրգանիզմների վրա ազդեցության հետճառագայթային շրջանի դիագնոստիկայի հետ:

Մինչև հիմա ես այդ նախկին դիպվածների շունչը իմ թիկունքին զգում եմ, դա խանգարել է ինձ իմ անձնական կյանքում, իմ երեխաների ուսման, նրանց կենսագործունեության մեջ կարծես մի անտեսանելի ձեռք շարունակաբար խնդիրներ է առաջացնում: Իհարկե ցավալի է, որ իրենց բնույթով հանցագործ և անմարդկային գործելակերպ ունեցող որոշակի շրջանակներ «ներխուժում են» հայ ընտանիք և խեղում են մտավորական հայ ընտանիքի բնականոն կյանքը:  Բայց այսօր, քանի որ Հոկտեմբերի 27-ի` պատվիրատուների և կազմակերպիչների մասով կարճված գործը վերաբացվել է, ես իմ քաղաքացիական պարտքն եմ համարում զգոնության կոչ անել: Եթե զգոնություն չդրսևորվի, կարող է պարզվել, որ վաղը շատ կարևոր վկայի հետ հաշվեհարդար կտեսնեն, որպեսզի հեշտանա կազմակերպիչների կյանքը»,- նշեց նա: