Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1585480698033
A A
Տնտեսություն

Բիզնեսների հետ մետամորֆոզ կպատահի. Ժիրայր Ավանյան

Կորոնավիրուսը մեծ մարտահրավեր է պետությունների, տնտեսությունների, գործարարների համար։ 
 
«Ա1+»-ը զրուցել է «Դոլմամա» ռեստորանային ցանցի (Երևան, Մոսկվա), «Թռչող ջայլամ» ռեստորանի (Դիլիջան), «Սանտա Ֆամիլիա» գաստրոնոմի (Երևան),  «Աղաքսակ» հուշանվերների խանութի (Երևան) հիմնադիր, սեփականատեր, գործարար Ժիրայր Ավանյանի հետ։  
 
«Դե փակ ենք։ Փակեցինք ավելի շուտ, քան պարտադրեցին, որովհետև հասկացանք, որ միևնույն է՝ արդյունք չի տալու մի քանի օր ավել սպասելը։ Փակել ենք արտակարգ դրություն հայտարարելուց 1 շաբաթ առաջ։ Հետո նաև չեմ սիրում, որ ինձ ասում են՝ «մի բան անպայման արա»»,-
 
Գործարարի կարծիքով՝ շատ վատ է լինելու բիզնեսի վիճակը, բայց ինքը հուսահատ չէ։ 
 
Ավանյանը նշեց, որ իր բիզնեսը հիմնականում հիմնված է տուրիզմի, զբոսաշրջիկների այցերի վրա, ռեստորանը Հայաստան եկող հյուրերի համար է աշխատել, այս տարի Հայաստանը գրեթե զբոսաշրջիկ չի ունենում։
 
«Դիլիջանի մասով ավելի մեծ հույս կա․ եթե այս վիճակը շարունակի, մի քիչ թեթևանալու դեպքում, երբ որ մարդիկ սկսեն կամաց-կամաց փողոց դուրս գալ, գոնե ներգնա տուրիզմը կաշխատի, և հույս ունեմ, որ ներգնա տուրիզմի մի մասը կգնա Դիլիջան․ ինքը լավ քաղաք է հենց ուտել-խմելու, հանգստանալու համար։ Շատ մեծ հույսեր չունեմ Երևանի հետ։ Դե Մոսկվան ինքն իր բնավորությունն ունի․ կարծես թե մի 5-6 քայլ մեզանից հետ են, տեսնենք՝ ինչ է լինելու։ Այնտեղի մասնաճյուղը նույնպես չի աշխատում, մոտ 10 օր առաջ ենք փակել»,- շարունակեց «Դոլմամա»-ի հիմնադիրը։
 
Գործարարը ոչ թե պահանջ, այլ խնդրանք կունենա պետությունից, սակայն դեռ չի մտածել՝ ինչ հարցով կդիմի․ «Մեկ ամիս մարդկանց աշխատավարձերը կտանք, տեսնենք՝ ինչ ուղղությամբ է գնում  իրավիճակը։ Եթե տեսնենք , որ պետությանը, կառավարությանը պետք են, որ այս ինդուստրիաները ողջ մնան, այդ ժամանակ կդիմենք ։ Հիմա պահանջներ չունեմ, այսինքն՝ չեմ կարող ասել՝ «պարտավոր եք այս անել, այն անել», թող իրենք դեռ իրենց խնդիրները լուծեն, նոր։ Այսօր երկրի առողջությունը, երևի, ավելի կարևոր է, քան իմ բիզնեսը»։
 
Վնասների մասով Ավանյանն ասաց, որ միայն «Դոլմամա»-ի Երևանի մասնաճյուղում 33 աշխատող կա, աշխատավարձեր, որոնք այդքան էլ ցածր չեն, կումունալ վճարումներ (էլեկտրականությունն ամբողջությամբ անջատված չէ․ սառնարանները լիքն են, պետք է աշխատեն), հարկերի վճարումներ. «Դիլիջանում, կարծեմ, աշխատողները 18-ն են։ Իմ կարծիքով՝ Դիլիջանը համենայնդեպս մայիսի կողմերը պետք է որ կամաց-կամաց ոտքի կանգնի»։ 
 
Նրա խոսքերով՝ բիզնեսմենը մտածում է, թե «ինչ ենք անելու սրանից հետո», սննդի, ուտելիքի բիզնեսը չի լինելու այն բիզնեսների շարքում, որ կվերանան, որոշ բիզնեսներ հաստատ չեն ապրելու․ թանգանոց հագուստի բուտիկներ, ժամացույցի թանգանոց խանութներ կակամ-կամաց կվերանան, բիզնեսների հետ մետամորֆոզ (փոխակերպում) կպատահի։
 
«Հուշանվերների խանութս լրիվ կտուժի այս իրավիճակից. Դե եթե տուրիստ չի գալիս, ո՞վ պետք է սուվենիր տանի Հայաստանից», - ընդգծեց Ավանյանը։
 
Ինչ վերաբերում է «Սանտա Ֆամիլիա» գաստրոնոմին, ըստ Ավանյանի, որոշ ձևափոխումներից հետո այն կհարմարվի նոր կյանքին։ 
 
«Վերջում լավ է լինելու», - եզրափակեց Ժիրայր Ավանյանը։