Բացել լրահոսը Փակել լրահոսը
happy-smile-guy
A A
Հասարակություն

Ժպտացեք` Անտարեսը ժպիտներ է հավաքում

Սոցիալական ցանցերում վերջին օրերին քննարկվող թիվ մեկ թեման կորոնավիրուսն է։ Սակայն այս բարդ եւ ծանր թեման «կոտրելու են եկել» «Անտարեսը ժպիտներ է հավաքում» հեշթեգով լուսանկարները, որոնցում օգտատերերը ժպտում են։

Նախաձեռնությունը «Անտարես» հրատարակչությանն է, ի սկզբանե նպատակը եղել է սոցիալական պաստառների համար ժպտացող և ազդեցիկ լուսանկարներ ընտրելը:

Ֆեյսբուքյան օգտատերերը, սակայն, այն վերածեցին  յուրատեսակ ֆլեշմոբի: 

«Ֆեյսբուքում ստացվեց մեկ այլ, ավելի մասշտաբային ակցիա, ես հասկանում եմ, որ հայաստանցիները այսօր տներում են և չեն տեսնում ՝ արտաքին գովազդի վրա ինչ կա, ու միգուցե սա ավելի հետաքրքիր է, ժպտալու, ծիծաղելու, մեկը մյուսին ժպիտ հաղորդելու, դրա մասին գրելու, այդ գրածի մասին մեկնաբանություն գրելու առիթ է»,-ասում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Մարդիկ ժպտում են, լուսանկարվում, այն տեղադրում սոցցանցում, նշում հրատարակչության էջը:

Մարտիրոսյանը նաև ընդգծում է՝ նախաձեռնությունը նպատակ ունի այս օրերին բարձրացնել տանը փակված մարդկանց տրամադրությունը:

Հայտնում է նաև, որ  արտաքին գովազդի հետ կապված նմանատիպ այլ ծրագրեր իրականացնելու նպատակ ունեն, թե ինչպիսի ծրագրեր՝ առայժմ անակնկալ է: 

Իսկ այս ծրագրի համար Անտարեսին պետք է 15- 20 հետաքրքիր, հայտնի դեմք, ազդեցիկ հայացք, ժպիտ, որպեսզի արտաքին գովազդի վահանակների վրա տեղադրեն:

Մարտիրոսյանն ասում է ՝ կցանկանար ուղարկեին այնպիսի նկարներ, որտեղ առաջին պլանում հենց ժպիտն է.

«Ես կարծում եմ՝ մարդն առաջին հերթին աչքերով է ժպտում, հետո նաև բերանով»:

«Որոշ վահանակների վրա էլ այս օրերին  տեղադրվելու են տարազով տղա և աղջիկ սմայլիկների լուսանկարներ»,-հայտնում է Մարտիրոսյանը:

Ընտրված լուսանկարների հերոսները եթե երեխաներ են, նրանց ծնողների հետ Անտարեսը կապ կհաստատի, կստանա նրանց գրավոր համաձայնությունը՝ լուսանկարը արտաքին գովազդի վահանակների վրա տեղադրեու համար:  

«Ասում են՝ ինչքան տաքանա, այնքան վիրուսը դժվար կփոխանցվի։ Սա չգիտեմ քանի աստիճանով, բայց Հայաստանում ջերմությունը հաստատ կբարձրացնի»,-եզրափակում է Մարտիրոսյանը:

Նշենք, որ ժպտացող լուսանկարներ են հրապարակել նաեւ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանը, դերասան Սերգեյ Դանիելյանը եւ այլոք։

Ներկայացնում ենք նաեւ մի քանի այլ լուսանկարներ՝ դրանք տեղադրող օգտատերերի համաձայնությամբ։