Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Անհայտ է, թե ով վնասեց ինձ»․ այգիներ են այրվել (լուսանկարներ) (տեսանյութ)

Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտային հարակից տարածքում այգիներ են այրվել։ Էլմիրա Կոստանդյանին պատկանող 3000 քառ․մետր մակերեսով ու Սլավիկ Եղիազարյանին պատկանող 2000 քառ․մետր այգիներն ամբողջությամբ այրվել են։

«Ա1+»-ի հետ զրույցում Էլմիրա Կոստանդյանն ասաց՝ չգիտի, թե այգին ինչի հետևանքով է այրվել։ Որևէ մեկին չի տեսել տարածքում։ Կանաչի հավաքելիս է եղել, երբ նկատել է կրակը, անգամ փորձել է մարել, բայց զգացել է, որ չի կարող։

«Պայուսակս վառվել էր, հեռախոսս հնարավոր չէր օգտագործել, պատահական մեքենա եմ կանգնեցրել, հրշեջներին զանգել։ Հրշեջ մեքենան չի կարողացել այգի մտնել, հարմար չի եղել, կանգնել է պողոտայի վրա։ «Պլետներով» են կրակը մարել»,- պատմեց տիկին Էլմիրան։

Ըստ Էլմիրա Կոստանդյանի՝ դեպքից օրեր առաջ հարևան տարածքում, որտեղ շինարարություն էր սկսվել, ծառահատումներ են իրականացվել։ Տիկին Էլմիրան, դա տեսնելով, զանգել է ոստիկանություն։ Ոստիկաններն եկել են դեպքի վայր, արձանագրություն կազմել, ինքն էլ բացատրություն է տվել։

«Թե ինչի խառնվեցի էդ գործին։ Ինձնից շատ հեռու էր, ես կարող էի չխառնվել, ինչ իմանամ՝ դրա հետ էր կապված։ Չեմ կարողանում կենտրոնանալ, ինձ համար անհայտ է, թե ով վնասեց ինձ»,- սրտնեղած ասաց Էլմիրա Կոստանդյանը։

Նա հավելեց, որ մարտի 24-ին, երբ այգիներն այրվել են, ոստիկանություն չի դիմել։ Օրեր անց գնացել է Մալաթիայի ոստիկանության բաժին, ու պատմել տեղի ունեցածը։ Ըստ նրա՝ ոստիկանությունում իրենից բացատրություն չեն վերցրել։ Ասել են, որ դեպքի վերաբերյալ կհետաքրքրվեն, անհրաժեշտության պարագայում կկապվեն իր հետ։

«Ա1+»-ը կապ հաստատեց նաև Սլավիկ Եղիազարյանի հետ։ Վերջինս նույնպես չգիտի, թե ինչի հետևանքով են այգիներն այրվել։ Մալաթիայի ոստիկանության բաժնից «Ա1+»-ին փոխանցեցին, որ գործը ԱԻՆ-ի վարույթում է։

Արտակարագ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը մեզ փոխանցեց, որ այս պահին տեղեկություն տալ չեն կարող, կփորձեն ավելի ուշ։

Լուսանկարներն ու տեսաձայնագրությունը՝ Սլավիկ Եղիազարյանի