Բացել լրահոսը Փակել լրահոսը
USA
A A
Քաղաքականություն

Հայաստանը կներառվի՞ ԱՄՆ աջակցություն ստացող երկրների շարքում՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում

Ամերիկայի Միացյալ Նահանգներն անհետաձգելի առողջապահական խնդիրների և մարդասիրական աջակցության նպատակով հատկացնում է 274 միլիոն ԱՄՆ դոլար՝ օգնելու COVID-19 համավարակի դեմ առավել արդյունավետ պայքար ծավալել այն երկրներում, որտեղ առավել մեծ են համավարակի հետ կապված ռիսկերը։ Այս մասին տեղեկանում ենք  ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունից։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ  274 միլիոն դոլարը կտրամադրվի աշխարհի առավել ռիսկի ենթարկված երկրներից 64-ին՝  համաճարակի դեմ պայքարելու համար։

 Հայտարարության  մեջ երկրների անուններ չեն նշվում, սակայն հասարակական-քաղաքական գործիչ, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր տեղեկություններով Հայաստանը ներառվել է աջակցություն ստացող երկրների շարքում։

«Իմ ունեցած տեղեկություններով, աջակցությունը լինելու է շոշափելի: Հուսամ՝ շուտով զարգացման ծրագրերի ուղղությամբ եւս լավ նորություններ կունենանք, սակայն հաշվի առնելով խորացող ճգնաժամը, սա չափազանց կարեւոր է լինելու» ,- գրել է Արսեն Խառատյանը,որը մի քանի տարի ապրել է ԱՄՆ-ում։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան  էջում մեր երկրին տրամադրվելիք աջակցության մասին առայժմ պաշտոնական տեղեկատվություն չկա։

  Ի դեպ, վերջին տվյալներով՝ ամենամեծ թվով նոր կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր արձանագրվել են ԱՄՆ-ում, ավելին քան, նույնիսկ Իտալիայում։ ԱՄՆ-ում արձանագրվել է 96968 դեպք, մահերի թիվը՝ 1744 է։ Իտալիայում արձանագրվել է 86498 դեպք, սակայն մահերի թիվն առավել է՝ 9134։