Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Երևանի ջոկատներից մեկում վիրուսակիր ունենք․ Փրկարար ծառայության տնօրեն (տեսանյութ)

Այս ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է շուրջ 500 ահազանգ, որոնք կապված են եղել կորոնավիրուսի հետ։ Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՆ փոխնախար Արմեն Հարությունյանը։

«Հաշվետու ժամանակահատվածում ԱԻՆ ավտոբուսներով, ինչպես նաև ԱԻՆ Փրկարար ծառայության բուժվարչությանը պատկանող շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են շուրջ 400 կոնտակտավորներ»,- ասաց նա և հավելեց, որ կոնտակտավորներին, նրանց ընտանիքի անդամներին և պարզապես ահազանգողներին հոգեբանական աջակցություն է ցուցաբերվում։

Ըստ փոխնախարարի՝ այս ընթացքում ԱԻՆ այն աշխատանքները, որոնք հնարավոր է հեռավար տարբերակով կատարել՝ կատարվում են, այդ թվում՝ հոգեբանական աջակցությունը։

ԱԻՆ-ի համապատասխան ստորաբաժանումներն ըստ անհրաժեշտության իրականացրել են հանրային տարածքներում ախտահանման գործընթացներ, իսկ վաղը՝ մարտի 28-ին, առավոտյան 6-ից Հանրապետության հանրային տարածքներում և կանգառներում օրը 2 անգամ ախտահանման աշխատանքներ կկատարվեն։

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն էլ հավելեց, որ այս ընթացքում կատարված աշխատանքների ընթացքում Երևանի ջոկատներից մեկում վիրուսակիր է գրանցվել, որը հիմա մեկուսացված է և բուժվում է։ Նրա հետ ակտիվ շփում է ունեցել 11 աշխատակից, որոնք ըստ պարոն Գաբրիելյանի մեկուսացվել են Լուսակերտի տարածքի ԱԻՆ-ի համապատասխան կառույցներից մեկում։

«Նրանց հետ աշխատանք է տարվում Առողջապահության նախարարության համապատասխան կառույցների կողմից։ Ամեն ինչ արվում է, որպեսզի հետագայում բարդություններ չլինեն»,- ասաց Վրեժ Գաբրիելյանը։

Հարցին, թե որտեղից էր ԱԻՆ աշխատակիցը վարակվել, Վրեժ Գաբրիելյանն ասաց, որ վարակը կնոջից է եղել։ Նա տեղեկացրեց, որ ամեն օր բոլոր ստորաբաժանումներում 3 անգամ ջերմաչափում են անում։ Օրը 2 անգամ էլ այդ տարածքներում վարակազերծման աշխատանքեր են կատարվում։