Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot_20200326-135659
A A
Քաղաքականություն

Անչափահաս երեխա ունեցողները, որոնք մարտի 13-26-ն աշխատանքից ազատվել են, նպաստ կստանան (տեսանյութ)

Կառավարության նիստի ժամանակ քննարկվող կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չորրոդ միջոցառումը վերաբերում էր անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ սա միանվագ աջակցություն է, որի շահառուներն անչափահաս երեխա ունեցող ընտանիքներն են, որոնց մոտ առկա են հետևյալ հանգամանքները․ երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-26-ն ընկած ժամանակահատվածում կամ ծնողներից մեկն է ազատվել, և մյուս ծնողն աշխատանք չի ունեցել, ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից նորից նույն ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը մահացած է կամ ճանաչված է մահացած կամ անհետ կորած։
 
«Եվ չորրորդ պայմանը․ միայնակ մայր է կամ երեխայի հետ բնակվող ծնող է, եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են, ազատվել է աշխատանքից մարտի 13-26-ն ընկած ժամանակահատվածում»,- շարունակեց Բաթոյանը՝ հավելելով, որ նպաստի ձևով է քննարկված աջակցության ձևերից մեկը․ նվազագույն աշխատավարձի չափով սահմանել յուրաքանչյուր երեխայի համար կամ 100 հազար դրամի սահմաններում։
 
Նիստը ղեկավարող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հնարավոր չարաշահումներից խուսափելու համար պետք է լինի ոչ թե մարտի 26-ը, այլ՝ մարտի 25-ը ներառյալ։
 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ֆիքսվում է մինչև 14 տարեկան անչափահաս երեխայի մասով միայն, ինչին ի պատասխան Բաթոյանն ասաց, որ դա քննարկվող տարբերակներից մեկն էր, և որ սա վերաբերում է մինչև 18 տարեկան անչափահասներին։
 
Փաշինյանը նաև ևս մեկ կոմպոնենտ նշեց, որ աշխատանքից զրկված ծնողի վերջին 3 ամսվա աշխատավարձը 500 հազարից բարձր չպետք է լինի։
 
Բաթոյանն ասաց, որ եթե նույնիսկ մատրի 31-ին հաստատվի նպաստի տրամադրման կարգը, այսինքն՝ վճարման գործընթացի համար որոշակի ժամանակ անհրաժեշտ կլինի, քանի որ որոշակի ընթացակարգեր կան։
 
Կառավարության ղեկավարի խոսքերով՝ տեխնիկական հարցերի պատճառով ընդունվում է այս ծրագիրը մինչև 14 տարեկան երախա ունեցողների մասով, և այս ծրագիրը  չորեքշաբթի օրվանից պետք է սկսի աշխատել։
 
«Իրենք ընդամենը պետք է իրազեկեն իրենց բանկային տվյալները»,- իր հերթին ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
 
«Մենք երեկ ֆիքսել ենք մի քանի ֆիլտր։ Առաջինը՝ պետական ծառայողների չի վերաբերում։ Երկրորդը՝ 500 հազար դրամի մասին Դուք արդեն նշեցիք, վերին շեմը։ Եթե մենք ֆիլտրները դնում ենք, ես վաղը ներկայացնում եմ բոլոր շահառուների նույնականացված ցուցակներն իրենց ՀԾ-ներով»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը։
 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այս թեմայով նշեց, որ կան նաև այլ անձինք՝ այդ շրջանում նվազագույն աշխատավարձի մոտ աշխատավարձով աշխատած, որոնք որ աշխատանքը կորցրել են, պետք է հասկանալ, թե նրանց խնդիրն ինչպե՞ս է լուծվելու։
 
«Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնեմ․ պետք չէ մեզ հիշեցնել, թե ովքեր կան ՀՀ-ում։ Մենք բոլորի մասին գիտենք, եկե՛ք գնանք առաջ։ Որովհետև ինչ փաթեթ, որ բերենք, կասենք՝ «վա՜յ, բա մոռացանք»։ Ոչ մեկի մասին չենք մոռացել, քայլ-քայլ, օրակարգը ձևավորված է, գնում ենք առաջ»,- պատասխանեց Ավինյանին Փաշինյանը։
 
Որոշումն ընդունվեց։