Բացել լրահոսը Փակել լրահոսը
gazz_395532792
A A
Հասարակություն

Տեսուչներն ասում են՝ «Գազպրոմը» հրահանգել է անջատել վարձը չվճարածների գազամատակարարումը․ վարչապետի խոսնակը հերքում է

Քաղաքացին ահազանգում է՝  գազի վարձի վճարման համար իրենց տրվել է ժամանակ՝ մինչև այսօր երեկո, հակառակ դեպքում գազամատակարարումը կդադարեցվի։

«Ա1+»-ի հետ զրույցում Արաքսյա Պողոսյանն ասում է՝ հնարավոր չէ՞ գազի սպառման դիմաց վճարը՝ 30 հազար դրամ, մի քանի օր հետաձգել, մինչեւ ինքը ստանա աշխատավարձը։

«Ա1+»-ը զրուցեց նաև տեսուչներից մեկի հետ, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում։ Վերջինս պնդեց, որ ցուցում ունեն անջատելու բոլոր այն քաղաքացիների գազամատակարարումը, ովքեր չեն վճարել դրա դիմաց:

Տեղեկացրեց նաև, որ այցելում են բնակարաններ, շփվում քաղաքացիների հետ:

Հարցին, թե ապահովվա՞ծ են դիմակներով, ալկոգելերով և ձեռնոցներով, պահպանո՞ւմ են սանիտարահիգենիկ  նորմերը, տեսուչը դրական պատասխան տվեց:

Խնդրի վերաբերյալ Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ով «Ա1+»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ահազանգ ստացել է  տեսուչներից, որ իրենց կանչել են աշխատանքի և պարտադրել, որ գազազրկումներ արվեն այն բաժանորդների պարագայում, ովքեր վճարումներ չեն կատարել:

Հովհաննիսյանը այստեղ մեկ այլ խնդիր էլ է տեսնում՝ տեսուչները ակտիվորեն շփվում են քաղաքացիների հետ,  այցելում նրանց բնակարաններ և գումարներ պահանջում, մինչդեռ սա հասկասում է պարետատան ցուցումներին:

Զարուհի Հովհաննիսյանի գրառման տակ թողած մեկնաբանություններում ևս մի քանի քաղաքացիներ ահազանգել էին, որ գազի վարձը չեն վճարել, իսկ տեսուչները այցելել են և զգուշացրել են, որ գազանջատումներ են լինելու:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, սակայն, «Ա1+»-ի հետ զրույցում ժխտեց, որ գազանջատումներ լինելու են.

«Ոչ մեկ չի գնում, մարդկանց գազը անջատում, չկա էդպիսի բան»:

Ինչ վերաբերում է տեսուչների աշխատանքին, Գևորգյանն ասաց, որ նրանց չի ասվել, որ իրավունք չունեն աշխատելու: Համապատասխան թերթիկները լրացնելու պարագայում նրանք կարող են աշխատել:

«Գազպրոմ Արմենիա»-ից պարզաբանում ստանալ չհաջողվեց:

Նշենք՝ ըստ քաղաքացիների հետ կնքած  գազի մատակարարման պայմանագրի 9-րդ կետի՝ «կողմերը պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորմաժորային իրավիճակի, այն է՝ արտակարգ և անկանխելի դեպքերի, հանգամանքերի, որոնք տեղծվել են կողմերի կամքից անկախ: