Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Խորհրդարանը մի շարք օրենքների նախագծեր ընդունեց

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 110 կողմ, 3 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հեղինակած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Նշենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է հաշտարարի գրասենյակ բողոքներ ներկայացնողների շրջանակն ընդլայնել։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ 100 կողմ ձայներով ընդունեց Կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Առաջարկվում է, որ ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումները ձեռք բերվեն և տեղադրվեն ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 115 կողմ ձայներով ընդունեց Կառավարության ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022թ․-ից արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկը։

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 84 կողմ, 29 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 112 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ գրավը լինի խափանման միջոցի առանձին տեսակ։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 101 կողմ, 0 դեմ, 12 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց նաև Կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը 1 եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ տեղադրել։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 97 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանի և Աննա Կարապետյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մինչ նախագծի քվեարկությունն ասաց, որ այս պահին կողմ են քվեարկելու, բայց առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկություններ կանեն, կքննարկեն, այնուհետև խմբակցությունը իր վերջնական դիրքորոշումը կհայտնի։

ԱԺ-ն ևս մի քանի օրենքների նախագծեր ընդունեց։