Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սննդամթերքի որևէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ․ ՍԱՏՄ ղեկավար (տեսանյութ)

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշում է՝ սննդամթերքի որևէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ։

Բացի այդ, նրա խոսքով չկա որևէ իրավական կարգավորում, որ հացը պետք է պարտադիր լինի փաթեթավորված։

«Սակայն շատ տնտեսվարողներ (ինչպես նաև մեր հորդորվ և նախաձեռնությամբ) սկսել են հացը փաթեթավորված վիճակում առաքել խանութներ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Ըստ նրա՝ շատ խանութներ նաև առանձնացրել են և ինչ-որ ձևով դարակաշարեր են ստեղծել՝ ապակեպատ կամ պոլիէթիլենային փաթեթավորումներով։ 

Հաճախորդներին սպասարկելիս, ըստ ՍԱՏՄ ղեկավարի, աշխատակիցները պարտադիր պետք է ձեռնոց կրեն մթերքը փոխանցելիս, իսկ գումարը մեկ այլ ձեռնոցով վերցնել։ Ավետիսյանը նաև ասաց, որ որոշ տնտեսվարողներ չեն հասկացել ցուցումների լրջությունը և կպատժվեն՝ աշխատակիցներին համապատասխան ձեռնոցներով և դիմակներով չապահովելու համար։

Անդրադառանալով սուպեմարկետներում տեսչական մարմնի ստուգումներին՝ Գեորգի Ավետիսյանը նշեց, որ դրանք ռիսկայիններն են և ըստ օրենքի՝ տարին մեկ անգամ է ստուգում անցկացվում, նաեւ՝ քաղաքացիների բողոքների հիման վրա։ 

Իսկ խանութների ախտահանման ժամանակ օգտագործող ախտահանիչ նյութերը, ըստ նրա, հիմնականում 70 տոկոս սպիրտ պարունակող նյութեր են, որոնք ո՛չ համի, ո՛չ հոտի առումով մթերքի վրա ազդեցություն չեն ունենում, իսկ քլորը թույլատրվում է միայն հատակների ախտահանման համար։

Խոսելով սպանդանոցների և սննդամթերքի արտադրամասերի նկատմամբ վերահսկողության մասին՝ ՍԱՏՄ ղեկավարն ասաց, որ հատուկ իրականացվող միջոցառումն այն է, որ վերոնշյալ կազմակերպությունները տեսչական մարմնին են ուղարկում ֆոտո և տեսահաշվետվություն։ 

«Ուրիշ որևէ նոր բան և ուրիշ խստացում չկա։ Պարզապես բոլորին հորդորել ենք մի քիչ ավելի հաճախ ախտահանություններ իրականացնել ներքին տարածքներում։ Անկախ ամեն ինչից՝ 6 ամիսը մեկ յուրաքանչյուր տնտեսվարող պարտավոր է աշխատակիցներին տանել բուժզննման, և աշխատակիցները պարտավոր են 6 ամիսը մեկ թարմացնել իրենց սանիտարական գրքույկները»,- ընդգծեց Գեորգի Ավետիսյանը։

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում նկարներ էր հրապարակել Արարատի մարզի «Մեյմանդար» շուկայից և պատկան մարմինների և կառավարության ուշադրությունը հրավիրել այնտեղի վրա։ «Անգամ եթե այս կորոնավիրուսն էլ չլիներ, բոլոր շուկաներում պետք է ապահովել ու կազմակերպել քաղաքակիրթ առևտուր: Բավակա՛ն է գետնից ու փողոցից ուտելիք գնենք»,- գրել էր փաստաբանը։

Անդրադառնալով Նորիկյանի հրապարակմանը՝ ՍԱՏՄ-ը ղեկավարը նշեց, որ հանձնարարել է տեսչական մարմնի Արմավիրի մարզային կառույցին շրջայց իրականացնել և պարտադրել վաճառողներին կրել դիմակներ ձեռնոցներ, դիմակներ, ունենալ ախտահանիչ միջոցներ։ 

«Ա1+»-ի հարցին, թե ինչպե՞ս են վերահսկվում արագ սննդի կետերը, Գեորգի Ավետիսյանը պատասխանեց, որ արագ սննդի կետերը արտակարգ դրության պայմաններում չեն գործելու, լինելու են միայն առաքմամբ զբաղվող կազմակերպությունները։

«Վերահսկողություն կատարվում է, ինչպես միշտ։ Պարզապես ևս մեկ անգամ կրկնեմ մենք շեշտը դրել ենք ախտահանության և աշխատակիցների անձնական հիգիենայի վրա»,- շեշտեց նա։