Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Դիմակները 5 տարի է՝ արտադրվում են Հայաստանում»․ կասկածի տակ են դրել հրապարակված փաստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․

«Հայկական արտադրության բժշկական դիմակների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումից հետո որոշ անձինք կասկածի տակ են դրել դրա արտադրության երկրի վերաբերյալ հրապարակված փաստը։ Ցանկանում ենք վերահաստատել, որ նշված դիմակներն արտադրվում են Հայաստանում, կոչ ենք անում չտրվել ոմանց կողմից տարածվող մանիպուլյացիային։ Հայկական արտադրության բժշկական դիմակների արտադրության մասին ավելի մանրամասն հրապարակումը՝ մեկնաբանություններում»,- գրառմանը կից խոսնակը հապարակել է «Փաստերի ստուգման հարթակի» հոդվածի լինկը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր պաշտպանիչ բշկական դիմակի լուսանկար` Made in Armenia (արտադրված է Հայաստանում) ուղեկցող գրառմամբ, գրում է Փաստերի ստուգման հարթակը։

Ֆեյսբուքի որոշ օգտատերեր կասկածի տակ են դրել դիմակի՝ Հայաստանում արտադրված լինելը՝ նշելով, որ այդ անունով (Salus) դիմակ արտադրող ընկերություն գործում է Հնդկաստանում։  

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել՝ վարչապետի կողմից ներկայացված բժշկական դիմակն իսկապե՞ս արտադրվում է Հայաստանում, թե՞ ոչ։

Այսպես, դիմակի վրա մակնշված SALUS անվան հետքերով գտանք «ՍԱԼՅՈՒՍ» ՍՊԸ-ն, որի բաժնեմասերի 100 տոկոս սեփականատեր և տնօրեն Ժիրայր Մանդիլյանի հետ էլ զրուցեցինք դիմակների արտադրության և այլնի շուրջ։

Պարզվեց, որ իսկապես՝ ընկերությունը Հայաստանում զբաղվում է բժշկական դիմակների և բախիլների արտադրությամբ և գործում է ավելի քան 5 տարի։ Ընկերության տնօրենի խոսքով՝ տարօրինակ է, որ Հայաստանում 5 տարի գործունեություն ծավալող ընկերության մասին նոր են տեղեկանում և դրանից «այսպիսի աղմուկ է բարձրացել»։

Մանդիլյանը հերքեց նաև այն տեղեկությունը, թե ընկերությունը հումքը ձեռք է բերում Հնդկաստանից։ «Սկզբնական շրջանում հումքը բերվում էր Չինաստանից, այժմ օգտագործում ենք ռուսական հումքը և մոտ ապագայում այնտեղից հնարավոր չի լինի ներմուծել, և ստիպված կլինենք նոր հումքի աղբյուր գտնել, որը, հավանաբար, կլինի Իրանը»,- հայտնեց Մանդիլյանը։

Գործարարը նաև տեղեկացրեց, որ շուկայում իրենց արտադրանքի ինքնարժեքի բարձր լինելու հետևանքով մինչև վերջերս ընկերությունը լուրջ ֆինանսական կորուստներ էր կրում և շուկայում «պարտվում» Չինաստանից ու Թուրքիայից ներմուծված դիմակներին։ «Արդեն մտածում էինք ընկերությունը փակելու և հաստոցը վաճառելու մասին», — ասաց Մանդիլյանը։ 

Եվ չնայած դժվարություններին՝ «Սալյուս» ընկերությունը մատակարարման պայմանագրեր է կնքել մի քանի հայտնի դեղատնային ցանցերի և բժշկական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, ինչպիսիք են «Ալֆա ֆարմը», «Ախուրյանի ծննդատունը» և այլն։

Fip.am-ի հետ զրույցում Մանդիլյանը նաև հայտնեց, որ Առողջապահության նախարարության հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամբողջ արտադրանքը տրամադրել նախարարությանը։

Այսպիսով, փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից գովազդված բժշկական դիմակներն ավելի քան 5 տարի է արտադրվում են Հայաստանում, դիմակների արտադրության համար օգտագործվող հումքը բերվել է Չինաստանից և Ռուսաստանից, իսկ ընկերությունը որևէ կապ չունի Հնդկաստանի հետ»,- գրում է fip.am-ը։