Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Համայնքին տրված նվիրատվությունը պետք է ավագանին հավանի, նոր ընդունի․ Անի Սամսոնյանի առաջարկը (տեսանյութ)

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։

Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հիշեցրեց, որ առաջին ընթերցմամբ առաջարկվում էր, որ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն տա նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը։

Սա ըստ Անի Սամսոնյանի՝ ռիսկերը կառավարելի կդարձնի։ Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առաջարկներ է ներկայացրել։

Մասնավորապես ըստ ԲՀԿ-ի՝ սահմանամերձ համայնքներում նվիրատվությունները կարող են լինել պաշտպանական բնույթի, հետևաբար թափանցիկության հարցում հնարավոր է խնդիրներ առաջանան։ Անի Սամսոնյանը ԲՀԿ-ի առաջարկությունն ընդունել է ու փոփոխություն է կատարել նախագծում հետևյալ բովանդակությամբ՝ «Համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը, բացառությամբ սահմանամերձ բնակավայրերում պաշտպանական բնույթի նվիրատվությանը, որը ձևակերպվում է գաղտնի գրիֆով»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը բանավոր առաջարկել է, որ այս նախագիծը տարածվի առևտրային կազմակերպությունների վրա։ Սակայն, նախագծի հեղինակ Անի Սամսոնյանը ռիսկեր է նկատել, որ նվիրատվությունը կարող է ձևակերպեն այլ ճանապարհներով, այսինքն՝ շրջանցեն օրենքը։ Առաջարկություն է եղել նաև նախագծի երկրորդ ընթերցումը 2 ամսով հետաձգել, բայց Անի Սամսոնյանը չի ընդունել առաջարկը, դա ունի իր պատճառը։

«Այս պահին Երևան համայնքը շարունակում է գույք ստանալ որպես նվիրաբերություն, և այդ գործարքները մնում են անկառավարելի»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։