Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վտանգ կա, որ բանկերն իրենց մտերիմ գործարարներին 0 տոկոսով վարկ կտան․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Չհավաքվելու կանոնը պետք է բոլորին վերաբերի։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իր առաջարկությանը, թե ԱԺ-ի օրակարգը չհաստատեն և ԱԺ-ում մնան միայն ԱԺ խորհրդի անդամները, անհրաժեշտության պարագայում խորհրդարանը կհավաքվի, սակայն առաջարկը չընդունվեց։

«Սոցցանցերում էլ են գրում, եթե խնդիր լինի, խորհրդարանում նիստեր չեն անի, եթե նիստ են անում, ուրեմն իրենք լուրջ չեն վերաբերում, իսկ եթե իրենք լուրջ չեն վերաբերում, քաղաքացիներն ինչո՞ւ պետք է լուրջ վերաբերեն»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ ղեկավարն անդրադարձավ Կառավարության կողմից բիզնեսին տրամադրվելիք վարկերին։ Ըստ պարոն Մարուքյան՝ի վարկեր տրամադրելն անարդյունավետ միջոց է։

«Որովհետև վտանգ կա, որ բանկերն իրենց մտերիմ գործարարներին 0 տոկոսով վարկ կտան, գործարարներն այդ վարկերով իրենց բարձր տոկոսով վարկերը կփակեն և կունենան 0 տոկոսով վարկ։ Այսինքն՝ դա չի հասնի քաղաքացուն, որը տուժված է։ Հետևաբար, եթե մարդիկ բանկերից բողոքում են, պետք չէ նրանց կրկին ուղարկել բանկեր»,- ասաց Էդմոն Մարուքյանն ու որպես օրինակ բերեց ԱՄՆ-ի դեպքը, որտեղ ըստ նրա՝ աջակցությունը ծրարով տալիս են տնտեսվարողներին, ոչ թե բանկեր ուղարկում։

ԼՀԿ ղեկավարի դիտարկմամբ՝ այն ընկերությունները, որոնք փակման վտանգի տակ են, նրանք անիմաստ են համարում այդ վարկը վերցնել, որովհետև չեն կարողանալու հետո վճարել։

«Հիմա եկամուտներ չեն ստանում, մեծ կորուստներ են կրում, հետո ինչպե՞ս են վերադարձնելու»,- նկատեց Էդմոն Մարուքյանը։

ԼՀԿ ղեկավարի համոզմամբ՝ այն ոլորտների տնտեսվարողներին, որոնք պետության միջամտությամբ այս ընթացքում գործունեություն չեն իրականացնում, պետությունը պետք է աջակցի։