Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի․ Էլինար Վարդանյան

Մարտի 20-ին ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հրապարակել է Կորոնավիրուսի վարակի հետ կապված հրատապ սկզբունքները։ Սկզբունքների շարքում շեշտվում է, որ պետք է առավել շատ կիրառվեն ազատությունից զրկելուն որպես այլընտրանք կիրառվող  միջոցները։ Այսպիսի քաղաքականություն է որդեգրել Եվրոպան, իսկ Հայաստանում կատարվում է ճիշտ հակառակը։ 

Արդեն տևական ժամանակ է չի կայանում Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դատական նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի և Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի միջնորդությունը, հետաձգվեց դատավոր Ա. Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով, և մինչ այժմ պաշտպանական կողմին հայտնի չէ հնարավոր դատական նիստի ժամկետները։ 

Իրականում մի քանի հանգամանք խորը մտահոգության տեղիք են տալիս.

  1. Կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը դատարան մուտք անելուց անմիջապես հաջորդ օրը դատական նիստը հետաձգվեց։
  2. Հաջորդ դատական նիստի վերաբերյալ որևէ ինֆորմացիա չի տրամադրվում։ Անձնական երաշխավորության միջնորդության ներկայացումը որոշ կազմակերպչական հարցեր են ենթադրում և պաշտպանական կողմը չի կարողանում դրանք կատարել նման անորոշության պայմաններում։
  3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվեց մակագրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի։

Ըստ էության դատական նիստի անորոշ ժամկետով հետաձգումը զրկում է Քոչարյանին լսվելու իրավունքից և արդարադատության մատչելիությունից։ Անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի։ Անթույլատրելի է ամենատարբեր հիմնավորումներով խափանման միջոցի հարցի քննության հետաձգումը։ 

Այս պայմաններում, երբ ինչպես նշում է ԲԴԽ նախագահը, քսանմեկերորդ դարում, երբ հնարավոր է հեռախոսազանգի միջոցով պարզել՝ ինչպիսի առողջական վիճակում է դատավորը, ե՞րբ է կարողանալու վերադառնալ աշխատանքի, սակայն դատարանը չի կարողանում հստակեցնել դատական նիստի օրը, որի ընթացքում կքննարկվի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը, հայտնի չէ, թե երբ է վարույթն իրականացնող մարմինը ներկայանալու աշխատանքի, անընդունելի է։

Խափանման միջոցի միջնորդության քննության անհարկի ձգձգումը, ազատության կանխավարկածի անտեսումը և ընդհանարպես, ընթացող ողջ դատական պրոցեսը, ապացուցում է կանխակալությունը, որ որդեգրվել է մարտի 1-ի գործով դատավարության  ընթացքում։ Իսկ ինչպես կոչել կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի մակագրելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը, եթե ոչ անհարկի ձգձգում, այն դեպքում, երբ դատարանը նույնպես չի կարողանում տեղեկատվություն տրամադրել հաջորդ նիստի վերաբերյալ։

Դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի անձնական երաշխավորության միջնորդությունը հրատապության կարգով քննելու համար։ Դատական նիստերի հաճախականությունը, մարդուն բավարար հիմքերի բացակայության պայմաններում անազատության մեջ պահելը, դատավարության քաղաքականացվածության մասին մտահոգություններն ավելի են խորացնում։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»