Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Քաղաքականություն

Իշխանությունն այնքան բաց է, որ մեդիա սահմանափակման մասին խոսելն ու անհանգստանալն  անտեղին է․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Վարչապետը լրագրողների հարցերին չպատասխանեց։

 ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ հարցեր է ուղղել խմբակցության անդամներին։

Ալեն Սիմոնյանը զերծ մնաց մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այսօր խորհրդարանում արված այն հայտարարությանը, թե պետությունն է արտակարգ դրություն հայտարարել, պետությունն էլ պետք է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձեր տա։

«Կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի արտահայտությունը, կամ որևէ այլ քաղաքական գործչի գնահատականների մասին խոսելը սխալ է, որովհետև  աշխարհում նախադեպ չունեցող իրավիճակ է։ Փառք Աստծո, մենք դեռ այդ իրավիճակում մեր  դեմքը կարողանում ենք պահպանել և բավականին նորմալ ձևով»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը։

 Անդրադառնալով արտակարգ դրության ժամանակ ԶԼՄ-ների վերաբերյալ սահմանափակումներին,  Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ նիստին այդ մասին քննարկում եղել է։

«Մի բան  եմ ուզում շեշտել, որ այսօր իշխանությունն այնքան բաց է, որ որևէ սահմանափակման մասին խոսելն ու անհանգստանալն  անտեղին է»,- նշեց Ալեն Սիմոնյանը, հավելելով, որ այս օրերին գրաքննությունը վերաբերում է միայն կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակումներին։

«Կորոնավիրուսի հետ կապված իշխանությունը  ամբողջ ինֆորմացիան մաքսիմում մեկ ժամվա ընթացքում տեղեկացնում է հանրությանը։ Ուստի, կարծում եմ՝ անհանգստությունը մի քիչ ուռճացված է։ Հայաստանն այսօր այն երկրների շարքին է դասվում, որոնք ինֆորմացիոն առումով ամենաբացն են, կարող եմ ասել, որ շատ են խոսում, թե  շատ երկրներ թաքցնում են ինֆորմացիան, որը Հայաստանը չի անում, որովհետև դրա իմաստը չկա»,- հավելեց նա։